14-ամյա Մարիա Ազիզյանը դուրս է եկել W15 Tsaghkadzor մրցաշարի 1/8 եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի երիտասարդ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը շարունակում է տպավորիչ ելույթները Ցաղկաձորում ընթացող W15 կարգի միջազգային մրցաշարում։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ 14-ամյա մարզուհին հաջողությամբ մրցում է իրենից զգալիորեն ավելի փորձառու մրցակիցների հետ և արդեն ապահովել է տեղը մրցաշարի 1/8 եզրափակչում։
Ազիզյանը հաջողությամբ հաղթահարել է որակավորման փուլը։ Նախ նա 6:2, 6:1 հաշվով առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող 18-ամյա թենիսիստուհու նկատմամբ, իսկ այնուհետև կամային հաղթանակ է տարել Ուզբեկստանի 23-ամյա ներկայացուցիչի նկատմամբ, որը զբաղեցնում է ITF վարկանիշի 831-րդ հորիզոնականը՝ 2:6, 6:4, 10:5։
Հիմնական ցանցի առաջին փուլում հայ մարզուհին ևս մեկ կարևոր հաղթանակ է գրանցել՝ երեք սեթում հաղթելով 22-ամյա ամերիկացի Միշել Տիխոնկոյին՝ 3:6, 7:5, 7:6 հաշվով։
Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Մարիան կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչի հետ։ Ներկայումս Ազիզյանը զբաղեցնում է ITF-ի 1383-րդ հորիզոնականը, սակայն հաջող ելույթների շնորհիվ շարունակում է բարելավել իր դիրքերը համաշխարհային դասակարգման աղյուսակում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ թենիսիստուհին հաջող ելույթներ էր ունեցել նաև Անթալիայում անցկացված միջազգային մրցաշարերում՝ հաստատելով Հայաստանի ամենահեռանկարային երիտասարդ մարզուհիներից մեկի իր կարգավիճակը։
Տնային մրցաշարում պայքարը շարունակում են նաև Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ՝ 16-ամյա Արմինե Եսայանը և 32-ամյա Անի Ամիրաղյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0