Վահե Գևորգյան. ««Ալաշկերտը» հաջորդ փուլ անցավ բնավորության և հաղթանակի կամքի շնորհիվ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում ղազախական «Ելիմայի» նկատմամբ տարած դրամատիկ հաղթանակը։
Սեմեյում կայացած հանդիպումը լրացուցիչ ժամանակից հետո ավարտվել է 2։2 հաշվով, իսկ երկու խաղերի ընդհանուր արդյունքով գրանցվել է ոչ-ոքի՝ 3։3։ Հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում «Ալաշկերտի» ֆուտբոլիստները հաղթել են 6։5 հաշվով։ Դուբան Պալասիոյի վճռորոշ հարվածը հետ է մղել հայկական թիմի դարպասապահ Արսեն Բեգլարյանը։
Որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» կհանդիպի ռումինական ՉՖՌ Կլուժի հետ։
Վահե Գևորգյանի ներածական խոսքը
— Սկսեմ նրանից, որ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանին։ Դուք հրաշալի երկիր և հիանալի մարդիկ ունեք։ Առաջին անգամ չէ, որ մասնակցում եմ միջազգային հանդիպումների, սակայն նախկինում այսպիսի ջերմ ընդունելության չէի արժանացել։
«Ելիմայը» շատ լավ թիմ է, որը գլխավորում է ուժեղ մարզիչ։ Երկու թիմերն էլ արժանի էին հաջորդ փուլ անցնելու, բայց սա ֆուտբոլ է, և հաջորդ փուլ դուրս եկանք մենք։ «Ելիմային» հաջողություն եմ մաղթում Ղազախստանի առաջնությունում։
Ինչպես Երևանում, այս խաղը ևս հավասար պայքարում անցավ։ Առավելությունը մի թիմից անցնում էր մյուսին։ Մենք լավ սկսեցինք հանդիպումը և գոլ խփեցինք, սակայն բավական արագ բաց թողեցինք պատասխան գնդակը։ Դրանից հետո ավելի ակտիվ գործեցինք և կարող էինք ևս մի քանի անգամ աչքի ընկնել։
Վերջնամասում առավելությունն անցավ «Ելիմային»։ Մրցակիցը կարող էր գոլ խփել և, ի վերջո, դա արեց արդեն լրացուցիչ ժամանակում։ Սակայն մենք բնավորություն դրսևորեցինք։ Պետք է անկեղծ լինեմ․ «Ելիմայը» շատ վտանգավոր պահ ուներ, և եթե մրցակիցը խփեր երրորդ գոլը, ամեն ինչ ավարտված կլիներ։
Մենք վերադասավորումներ կատարեցինք, ֆուտբոլիստները բնավորություն դրսևորեցին և կարողացան հավասարեցնել հաշիվը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տղաներին հաղթանակի կամքի համար։ Նման բան հաճախ չես տեսնի, հատկապես՝ եվրագավաթային հանդիպումներում։
— Պատրաստվե՞լ էիք 11-մետրանոցների հարվածաշարին։
— Այո՛, Երևանում երկու օրվա ընթացքում մարզում էինք 11-մետրանոց հարվածները։ Առաջին հանդիպումից հետո հասկանում էինք, որ թիմերը մոտավորապես հավասար են ուժերով, և հնարավոր է ցանկացած սցենար։
— Ձեր հաջորդ մրցակիցը կլինի ՉՖՌ Կլուժը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ դիմակայությունից։
— Մենք դեռ չենք վերլուծել ՉՖՌ Կլուժի խաղը, քանի որ ամբողջությամբ կենտրոնացած էինք «Ելիմայի» հետ հանդիպումների վրա։ Այժմ անցել ենք հաջորդ փուլ, կվերադառնանք տուն և կսկսենք ուսումնասիրել մրցակցին։
— Աշխարհի առաջնությունում Արգենտինան Անգլիայի դեմ խաղի վերջնամասում վերականգնեց հավասարությունը և հաղթեց։ Այսօր «Ալաշկերտը» հայտնվեց Արգենտինայի դերում։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ համեմատությանը։
— Ես պետք է համեստ լինեմ և չեմ կարող ինձ համեմատել Լիոնել Սկալոնիի, իսկ իմ թիմին՝ Արգենտինայի հավաքականի հետ։ Մենք յուրաքանչյուր խաղում փորձում ենք առավելագույնը ցույց տալ, սակայն չեմ կարող ենթադրել, թե ինչպես կխաղայինք Անգլիայի կամ Արգենտինայի դեմ։
— Լրացուցիչ ժամանակի վերջնամասում հավատո՞ւմ էիք, որ կհաջողվի հավասարեցնել հաշիվը։
— Շատ ուրախ եմ, որ փրկարար գոլը խփեց երիտասարդ ֆուտբոլիստը, որը թիմում նորամուտը նշել էր միայն «Ելիմայի» հետ առաջին խաղում։ Դաուդե Տոգոլան ընդամենը 18 տարեկան է։ Նա դուրս եկավ խաղադաշտ և փրկեց դիմակայությունը։
Իհարկե, ամբողջ թիմը հավատում էր, որ մենք գոլ ենք խփելու։ Մենք նաև հավատում էինք 11-մետրանոցների հարվածաշարում հաղթանակին և նրան, որ այստեղից հեռանալու ենք հաջորդ փուլի ուղեգրով։
— Հայաստանում հետևո՞ւմ են ղազախական ֆուտբոլի զարգացմանը։
— Ընդհանուր առմամբ՝ այո՛։ Դուք ինձանից լավ գիտեք, որ ժամանակին Ղազախստանի առաջնությունում շատ հայ ֆուտբոլիստներ են հանդես եկել։ Սեմեյում խաղացել է նաև իմ ընկեր Արթուր Ավագյանը․ այդ ժամանակ թիմը կոչվում էր «Սպարտակ»։
Այդ պատճառով թե՛ հայ երկրպագուները, թե՛ ֆուտբոլային մասնագետները բավական լավ ծանոթ են ղազախական ֆուտբոլին։
— Ո՞վ ընտրեց այն դարպասը, որի ուղղությամբ իրացվեցին 11-մետրանոց հարվածները։
— Անկեղծ ասած՝ չեմ նկատել։ Հաղթանակից հետո անմիջապես սկսեցինք տոնել և դեռ չենք հասցրել հարցնել։ Այժմ դա ինձ նույնպես հետաքրքրեց․ կճշտեմ ֆուտբոլիստներից։
— Իմ հիշողությամբ՝ այս մարզադաշտում երկու անգամ 11-մետրանոցների հարվածաշար է եղել։ Երկու դեպքում էլ տանտերերը պարտվել են, երբ հարվածներն իրացվել են հարավային դարպասի ուղղությամբ։ Այժմ դա տեղի ունեցավ երրորդ անգամ։
— Անկեղծորեն մաղթում եմ, որ հաջորդ տարի կրկին հանդես գաք եվրագավաթներում, հաղթեք 11-մետրանոցների հարվածաշարում և անցնեք հաջորդ փուլ։ Բայց, իհարկե, ոչ մեզ հետ խաղում։
— Երկրորդ խաղակեսում, ինչպես առաջին հանդիպման ժամանակ, «Ալաշկերտը» սկսեց ավելի լավ խաղալ։ Ի՞նչ փոխեցիք ընդմիջմանը։
— Ընդմիջմանը մենք միշտ որոշակի աշխատանք ենք կատարում։ Վերլուծաբանները կիսվում են իրենց դիտարկումներով, որից հետո փոփոխություններ ենք կատարում մեր խաղում։ Բացի այդ, հնարավորություն ենք ստանում խոսելու ֆուտբոլիստների հետ և լրացուցիչ մոտիվացնելու նրանց։
Կրկին նշեմ, որ «Ելիմայի» հետ դիմակայությունը շատ հավասար ստացվեց։ Տարբեր ժամանակահատվածներում առավելությունը մի թիմից անցնում էր մյուսին։ Երկրորդ խաղակեսի վերջնամասը մենք ձախողեցինք, սակայն ընդհանուր առմամբ վտանգավոր պահեր ունեին երկու թիմերն էլ։
— Դարպասապահ Արսեն Բեգլարյանը հարված կատարեց 11-մետրանոցների հարվածաշարում։ Դա նախապես ծրագրվա՞ծ էր։
— Մենք երկու օր մարզում էինք 11-մետրանոցները, փնտրում լավագույն տարբերակները և հետևում, թե ով է առավել սառնասրտորեն գործում։ Արսենն ինքնին շատ հանգիստ մարդ է և մարզումների ժամանակ լավ էր իրացնում 11-մետրանոցները։ Սակայն պաշտոնական հանդիպումը տարբերվում է մարզումից, և այս անգամ նա չկարողացավ գոլ խփել։
Հանդիպման վերջում խաղադաշտում այլևս չէին մնացել այն ֆուտբոլիստները, որոնք սովորաբար իրացնում են 11-մետրանոցները՝ Կարեն Նալբանդյանը և Մոմո Տուրեն։ Այդ պատճառով ստիպված էինք ընտրել մյուս խաղացողներից։ Ոմանք հրաժարվեցին, իսկ Արսենը համաձայնեց։ Նա հարվածեց դարպասաձողին, բայց հետո ուղղեց իր սխալը՝ հետ մղելով մրցակցի վճռորոշ հարվածը։
— Կարեն Նալբանդյանը փոխարինվե՞ց վնասվածքի պատճառով։
— Նա խաղադաշտ էր դուրս եկել արդեն վնասվածքով։ Հույս ունենանք, որ լուրջ խնդիր չկա։ Շնորհակալ եմ նրան, որ կարողացավ ցավով խաղալ և բնավորություն դրսևորել։
— Ձեր կարծիքով՝ 11-մետրանոցների հարվածաշարը վիճակախա՞ղ է, թե՞ թիմի պատրաստվածության, հոգեբանության և վարպետության ցուցանիշ։
— 11-մետրանոցների հարվածաշարը չի կարող վիճակախաղ լինել։ Դու ընտրում ես այն ֆուտբոլիստներին, որոնք պետք է իրացնեն հարվածները, և որոշակի մարտավարություն ես պատրաստում։ Իհարկե, երբեմն անսպասելի վրիպումներ են լինում։
Ես նախկինում պարտվել եմ 11-մետրանոցների հարվածաշարերում, բայց երբեք դրանք վիճակախաղ չեմ համարել։ Դա առանձին հոգեբանական պայքար է և ֆուտբոլի լիարժեք մաս։
— «Ելիմայը» նորամուտն էր նշում եվրագավաթներում, իսկ «Ալաշկերտը» եվրոպական մեծ փորձ ունի։ Հնարավո՞ր է՝ հենց փորձն օգնեց ձեզ հաղթել։
— Չեմ հասկանում, թե ինչու են բոլորը ուշադրություն դարձնում եվրագավաթներում «Ալաշկերտի» նախկին փորձին։ Այդ ժամանակ ակումբում բոլորովին այլ թիմ էր։
Ներկայիս կազմում միայն մի քանի ֆուտբոլիստներ եվրոպական մրցաշարերում հանդես գալու փոքր փորձ ունեն։ Խաղացողների մեծ մասը նախկինում ընդհանրապես չի մասնակցել եվրագավաթներին։ Թիմի անունն այս դեպքում նշանակություն չունի։ Մեզ հաղթել օգնեցին ֆուտբոլիստների բնավորությունն ու կամքը։
— Թիմը ֆիզիկապես պատրա՞ստ է որակավորման երկրորդ փուլին։
— Հաջորդ մրցակցին դեռ չենք ուսումնասիրել։ Սակայն անկախ նրանից, թե ում դեմ ենք խաղում, ցանկանում ենք հաղթել և ձգտում ենք հնարավորինս հեռու գնալ։