Սանդրո Պերկովիչ․ ««Զիմբրուի» դեմ խաղում ֆավորիտ չկա․ պետք է ամբողջ 90 րոպեն խաղալ առավելագույն նվիրումով»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը պատմել է նոր մրցաշրջանին թիմի նախապատրաստության մասին, գնահատել նորեկներին և կիսվել մոլդովական «Զիմբրուի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի դիմակայությունից ունեցած սպասելիքներով։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 23-ին՝ Քիշնևում։
— Ի՞նչ վիճակում է թիմը մոտենում մրցաշրջանի առաջին հանդիպմանը։
— Ամռանը մենք կորցրինք մի քանի կարևոր ֆուտբոլիստների, սակայն կարողացանք նրանց արժանի փոխարինողներ գտնել։ Բոլոր նորեկները լավ են հարմարվել թիմին։ Նրանք արագ ընկալեցին մեր փիլիսոփայությունը և կարճ ժամանակում դարձան կարևոր խաղացողներ։
Մենք արդյունավետ ուսումնամարզական հավաքներ անցկացրինք և ստուգողական հանդիպումներ խաղացինք ուժեղ մրցակիցների դեմ։ Ես շատ գոհ եմ կատարված աշխատանքից և հույս ունեմ, որ դրա արդյունքները կցուցադրենք պաշտոնական հանդիպումներում։ Բարեբախտաբար, մեզ հաջողվեց խուսափել վնասվածքներից, ուստի առաջիկա խաղին մոտենում ենք լավ մարզավիճակում։
— Ի՞նչ տվեց թիմին եվրագավաթներում հանդես գալու նախորդ փորձը, և արդյո՞ք այն կօգնի առաջիկա հանդիպումներում։
— Ցանկացած փորձ՝ թե՛ դրական, թե՛ բացասական, օգնում է մեզ զարգանալ։ Սակայն ֆուտբոլում յուրաքանչյուր մրցաշրջան նոր պատմություն է։ Մենք պատրաստ ենք միջազգային ասպարեզում ամենաբարձր մակարդակով ներկայացնել մեր ակումբն ու մեր երկիրը։
— Ի՞նչ կասեք նոր հարձակվողներ Լազետիչի և Գոնսալեսի մասին։ Որքանո՞վ նրանք կկարողանան փոխարինել հաջող հանդես եկած Մուլահուսեյնովիչին և Այասին։ Լազետիչը խաղացել է հայտնի թիմերում, սակայն այնքան էլ շատ գոլեր չի խփել։ Ինչպե՞ս եք դա գնահատում։
— Մենք երեք հարձակվողի ենք պայմանագիր առաջարկել։ Պետք չէ մոռանալ նաև Դումբիայի մասին, որը մեզ է միացել «Արարատից»։ Ամռանն իսկապես կորցրինք կարևոր ֆուտբոլիստների, որոնք նախորդ մրցաշրջանում մեծապես օգնում էին մեզ։ Սակայն նորեկները լավ են ներգրավվել թիմում և ընկերական հանդիպումների ընթացքում համոզել են ինձ, որ կարող են օգնել մեզ։
Միշտ լավ է, երբ թիմում առողջ մրցակցություն կա։ Երեք հարձակվողներն էլ տարբեր հատկանիշներ ունեն և ներկայացնում են տարբեր խաղային պրոֆիլներ։
Ինչ վերաբերում է Լազետիչին, գիտեմ, որ վերջին շրջանում նրա մոտ շատ բան չէր ստացվում։ Երբ նախորդ մրցաշրջանում պատրաստվում էինք Կոնֆերենցիաների լիգայում «Աբերդինի» դեմ հանդիպումներին, ուսումնասիրել էինք նրա խաղը։ Նա լավ էր հանդես գալիս այդ մրցաշարում և բարձրակարգ ֆուտբոլ էր ցուցադրում։ Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց նման ֆուտբոլիստի ձեռք բերել։
Կցանկանամ նշել նաև Մարիո Գոնսալեսին։ Նա հանդես է եկել ամենաբարձր մակարդակով, առանձնանում է պրոֆեսիոնալիզմով և բարձր վարպետությամբ։ Մենք դեռ չենք հասել մեր լավագույն մարզավիճակին, բայց վաղվա խաղում դուք լավ ֆուտբոլ կտեսնեք։
— Նախկինում «Նոան», ելույթները սկսելով որակավորման փուլից, արդեն հասել է Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլ։ Ձեր կարծիքով՝ կհաջողվի՞ այս մրցաշրջանում կրկնել այդ արդյունքը։
— Իհարկե, մենք կարող ենք կրկնել այն։ Մենք ունենք դրա համար անհրաժեշտ ամեն ինչ և կանենք հնարավոր ամեն բան այդ նպատակին հասնելու համար։ Սակայն, եթե անկեղծ խոսենք, այս պահին ես կենտրոնացած եմ բացառապես վաղվա խաղի վրա։
— Նախորդ մրցաշրջանում մենք հաճախ տեսնում էինք պրագմատիկ «Նոա»։ Հնարավո՞ր է, որ այս մրցաշրջանում թիմն ավելի հարձակողական ֆուտբոլ խաղա։
— Ես սիրում եմ հաղթել, և մենք խաղում ենք հենց հաղթանակի համար։ Հաղթելու համար անհրաժեշտ է գոլեր խփել և հարձակվել։
Ես ցանկանում եմ, որ իմ թիմը հուսալի գործի պաշտպանությունում, իսկ հարձակման ժամանակ մշտապես վտանգ ստեղծի և պահերը եզրափակի գոլերով։ Կարևոր է վստահորեն օգտագործել սեփական հնարավորությունները։
Նախորդ մրցաշրջանում մենք մոտ էինք միաժամանակ առաջնության լավագույն պաշտպանական և լավագույն հարձակողական թիմը դառնալուն, եթե չլինեին «Արարատի» դեմ խաղում բաց թողած երեք գոլերը։ Ես ցանկանում եմ, որ մենք հնարավորինս շատ գոլեր խփենք։
— Նախորդ մրցաշրջանում դուք բավական հեռու հասաք եվրագավաթներում, սակայն չկարողացաք դառնալ Հայաստանի չեմպիոն։ Եթե այս մրցաշրջանում թիմը դուրս գա ընդհանուր փուլ, ներկայիս կազմը կկարողանա՞ հաջողությամբ պայքարել երկու ճակատով։
— Այո՛, իհարկե։ Մենք ունենք հավասարակշռված կազմ, և գրեթե յուրաքանչյուր դիրքում մի քանի ֆուտբոլիստ կա։ Վաղը դուք ամեն ինչ կտեսնեք խաղադաշտում։
— «Զիմբրուի» բյուջեն մի քանի անգամ փոքր է «Նոայի» բյուջեից։ Որքանո՞վ լավ եք ուսումնասիրել մրցակցին և հասկանում, թե ինչպես պետք է խաղալ նրա դեմ։
— Նախորդ մրցաշրջանում մեզ հաջողվեց հաղթել ԱԶ-ին, որի բյուջեն զգալիորեն գերազանցում է մերը։ Նույնիսկ դժվար է ասել՝ քանի անգամ։
Մենք դիտել ենք բոլոր չորս պաշտոնական հանդիպումները, որոնք «Զիմբրուն» անցկացրել է այս մրցաշրջանում։ Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում մրցակցին և պատրաստվում ենք բարդ խաղի։
— Ո՞վ է «Զիմբրուի» ամենավտանգավոր ֆուտբոլիստը։
— Չեմ կարող որևէ մեկին առանձնացնել, սակայն թիմի կազմում կան մի քանի շատ որակյալ ֆուտբոլիստներ։
— Մոլդովացի լրագրողները «Նոային» համարում են այս դիմակայության բացահայտ ֆավորիտ՝ հաշվի առնելով ձեր թիմի տպավորիչ արդյունքները։ Կարո՞ղ է որևէ հանգամանք ուժերի հարաբերակցությունը փոխել անմիջապես հանդիպման ընթացքում։
— «Զիմբրուն» որակյալ ֆուտբոլիստներ ունի։ Դա լավ թիմ է։ Չեմ կարծում, որ վաղվա խաղում բացահայտ ֆավորիտ կա։
Մենք պետք է ամբողջ 90 րոպեն խաղանք լիակատար նվիրումով և ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը։ «Զիմբրուն» մեկ առավելություն ունի․ թիմն արդեն չորս պաշտոնական հանդիպում է անցկացրել, մինչդեռ մեզ համար վաղվա հանդիպումը կլինի մրցաշրջանի առաջին խաղը։
Մամուլի ասուլիսի ավարտին Սանդրո Պերկովիչը շնորհավորեց հայկական ակումբներին եվրագավաթներում հաջող մեկնարկի կապակցությամբ։
— Ցանկանում եմ շնորհավորել հայկական բոլոր թիմերին եվրագավաթային մրցաշրջանի հաջող մեկնարկի կապակցությամբ։ «Արարատ-Արմենիան» հիանալի հանդիպում անցկացրեց «Շեմրոք Ռովերսի» դեմ, և թիմը հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություններ ունի։
Ես շատ ուրախ եմ այս արդյունքների համար, քանի որ գիտեմ, թե որքան մրցունակ է Հայաստանի առաջնությունը։ Հաճելի է, որ դա հաստատվում է նաև եվրագավաթային հանդիպումներում։ Մաղթում եմ մեր բոլոր ակումբներին հետագա հաջողություններ։