SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սանդրո Պերկովիչն ու Հովհաննես Համբարձումյանը՝ «Զիմբրուի» դեմ սպասվող խաղի մասին


Սանդրո Պերկովիչն ու Հովհաննես Համբարձումյանը՝ «Զիմբրուի» դեմ սպասվող խաղի մասին
Ֆուտբոլ

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը և թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանը մասնակցել են մամուլի ասուլիսին՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ մոլդովական «Զիմբրուի» դեմ պատասխան հանդիպումից առաջ։

Թիմերի առաջին հանդիպումը, որը կայացել է Քիշնևում, ավարտվել է 1:1 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Աբովյանում․ հենց այս խաղում կորոշվի մրցաշարի հաջորդ փուլ դուրս եկող թիմը։

Սանդրո Պերկովիչ. «Վստահ եմ, որ ավելի լավ կխաղանք, քան առաջին հանդիպմանը»

— Առաջին խաղից հետո հնարավորություն ունեիք ամեն ինչ վերլուծելու։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումը։

— Դա մրցաշրջանի մեկնարկին բնորոշ սովորական հանդիպում էր։ Մենք գիտեինք, որ «Զիմբրուն» լավ թիմ է և ունի ուժեղ կողմեր։ Մենք գերիշխում էինք, սակայն հարձակման ժամանակ բավարար արդյունավետությամբ չօգտագործեցինք մեր պահերը։ Գոհ եմ, թե ինչպես թիմն արձագանքեց բաց թողած գոլից հետո։

Մենք մանրամասն վերլուծեցինք հանդիպումը և հասկացանք, թե որ առումներով լավ խաղացինք, իսկ որտեղ պետք է ավելացնենք։ Այս շաբաթն օգտագործեցինք՝ պատասխան խաղին էլ ավելի լավ պատրաստվելու և նորեկներին ավելի արագ հարմարվելու հարցում օգնելու համար։ Անհամբեր սպասում ենք առաջիկա խաղին, քանի որ երկար ընդմիջումից հետո կրկին տանը՝ մեր երկրպագուների առջև ենք խաղալու։

— Առաջին խաղում թիմը գոլ խփեց ստանդարտ իրավիճակից հետո։ Պատասխան հանդիպման ժամանակ նույնպես մեծ ուշադրություն կդարձնե՞ք ստանդարտներին, թե՞ հարձակման այլ տարբերակներ կփնտրեք։

— Մենք շատ ենք աշխատում ստանդարտ իրավիճակների վրա։ Անցած մրցաշրջանում ստանդարտներից բավական շատ գոլեր խփեցինք և շատ քիչ գոլեր բաց թողեցինք։ Գոհ եմ մեր խաղի այդ բաղադրիչից։

Մենք ստանդարտ իրավիճակներ էինք պատրաստել ինչպես առաջին հանդիպման, այնպես էլ պատասխան խաղի համար։ Հուսով եմ՝ առաջիկա խաղում ևս կկարողանանք այդ կերպ գոլ խփել։

— Թիմը պատրաստվե՞լ է հնարավոր հետխաղյա 11-մետրանոցների շարքին, թե՞ ակնկալում եք ամեն ինչ լուծել հիմնական ժամանակում։

— Մենք դրա մասին չենք մտածում և ամբողջությամբ կենտրոնացած ենք մեր խաղի վրա։ Ցանկանում ենք ցուցադրել մեր լավագույն ֆուտբոլը։ Վստահ եմ, որ ավելի լավ կխաղանք, քան առաջին հանդիպմանը։ 90 րոպեից հետո կհասկանանք՝ արդյոք դա բավարար կլինի։

Հովհաննես Համբարձումյան. «Միայն հաղթանակ եմ ակնկալում»

— Ի՞նչ տպավորություններ ունեք առաջին հանդիպումից։ Թիմը գոլ խփեց ձեր՝ խաղադաշտ դուրս գալուց կարճ ժամանակ անց։

— Թիմի գոլը միշտ ուրախացնում է՝ անկախ նրանից՝ այդ պահին խաղադաշտում ես, թե ոչ։ Կարծում եմ՝ մրցաշրջանի առաջին հանդիպման համար լավ խաղ ցուցադրեցինք։ Իհարկե, դեռ բարելավելու տեղ ունենք։ Պատասխան հանդիպմանը պետք է ավելի լավ խաղանք՝ դրական արդյունքի հասնելու համար։

— Ի՞նչ եք ակնկալում սեփական հարկի տակ կայանալիք հանդիպումից։

— Երկրպագուների աջակցությունը միշտ օգնում է թիմին։ Միայն հաղթանակ եմ ակնկալում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։