RAF Georgia․ ժամը քանիսի՞ն է սկսվում և որտեղ դիտել Արման Ծառուկյանի մասնակցությամբ մրցաշարը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հուլիսի 11-ին, Թբիլիսիում կկայանա RAF Georgia մրցաշարը՝ պրոֆեսիոնալ ըմբշամարտի ամերիկյան Real American Freestyle լիգայի առաջին արտասահմանյան միջոցառումը։
Մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։ Երևանում և Թբիլիսիում մեկնարկի ժամերը համընկնում են։ RAF-ի պաշտոնական կայքը նույնպես նշում է, որ հեռարձակումը կսկսվի Վրաստանի ժամանակով ժամը 20:00-ին։
Որտեղ դիտել RAF Georgia մրցաշարը
Վրացական TV Imedi հեռուստաալիքը մրցաշարն ուղիղ եթերում կհեռարձակի իր YouTube-յան ալիքով։ Հեռարձակումը հասանելի կլինի Վրաստանի և ԱՊՀ երկրների տարածքում, այդ թվում՝ Հայաստանում, սակայն Ռուսաստանում այն հասանելի չի լինի։
Մյուս երկրներում մրցաշարը պաշտոնապես կհեռարձակի FOX Nation սթրիմինգային հարթակը։ RAF-ը TV Imedi-ն և FOX Nation-ը ներկայացնում է որպես մրցաշարի պաշտոնական հեռարձակողներ։
Մրցաշարի ընթացքին հնարավոր կլինի հետևել նաև Sportaran-ի Telegram-ալիքում։ Մրցումների մեկնարկից առաջ մենք կհրապարակենք ուղիղ հեռարձակման գործող հղումները։
Արման Ծառուկյանը կմասնակցի RAF Georgia մրցաշարին
Հայ երկրպագուների համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում UFC-ի թեթև քաշային կարգի լավագույն մարտիկներից մեկի՝ Արման Ծառուկյանի ելույթը։ Գլխավոր քարտի շրջանակում նա գոտեմարտ կանցկացնի Ղազախստանի ներկայացուցիչ Կուատ Համիտովի դեմ։
Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի UFC-ի վրացի աստղ Մերաբ Դվալիշվիլիի և օլիմպիական չեմպիոն, UFC-ի նախկին չեմպիոն Հենրի Սեհուդոյի դիմակայությունը։
Երեկոյի երկրորդ գլխավոր գոտեմարտում օլիմպիական չեմպիոններ Քայլ Սնայդերն ու Աբդուլրաշիդ Սադուլաևը կվիճարկեն RAF-ի կիսածանր քաշային կարգի չեմպիոնական գոտին։ Թբիլիսիի մրցաշարը կդառնա Real American Freestyle-ի պատմության առաջին միջազգային միջոցառումը։
RAF Georgia մրցաշարի ամբողջական քարտը
Մերաբ Դվալիշվիլի — Հենրի Սեհուդո
Քայլ Սնայդեր — Աբդուլրաշիդ Սադուլաև — կիսածանր քաշային կարգի չեմպիոնական գոտեմարտ
Գենո Պետրիաշվիլի — Ջեյք Վարներ
Քայլ Դեյք — Վլադիմերի Գամկրելիձե
Արման Ծառուկյան — Կուատ Համիտով
Հելեն Մարուլիս — Անգելինա Լիսակ
Վլադիմիր Խինչեգաշվիլի — Քոնոր Բիբ
Ռազամբեկ Ժամալով — Ժակ Ջարեթ
Զեյն Ռեթերֆորդ — Էռնազար Ակմատալիև
Գիվի Մաչարաշվիլի — Զաք Էլամ
Անաստասիա Նիչիտա — Վինեշ Ֆոգատ
Բրոք Հարդի — Ալիբեգ Ալիբեգով