Պապիկյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին Բաքվում մեկնարկած աշխարհի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 31-ին Բաքվում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի 2026 թվականի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը։ Մրցումային առաջին օրը գորգ են դուրս գալիս 48, 55, 65, 80 և 110 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները։
Հայաստանի հավաքականի կազմում առաջին օրը պետք է հանդես գան հինգ ըմբիշներ, որոնցից երկուսն արդեն հաղթանակով են մեկնարկել մրցաշարում։
Մինչև 65 կգ քաշային կարգում հանդես եկող Էրիկ Պապիկյանն իր առաջին գոտեմարտում վստահ հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաշիդ Նազարովի նկատմամբ՝ 9։1 հաշվով։
Առաջին մրցափուլից հետո հայ ըմբիշը պարտվում էր 0։1 հաշվով, սակայն երկրորդ մրցափուլում ամբողջությամբ տիրեց նախաձեռնությանը և անընդմեջ մի քանի արդյունավետ գործողություն կատարեց։
Պապիկյանը նախկինում դարձել է Եվրոպայի մինչև 15 տարեկանների չեմպիոն, սակայն մինչ այս չէր մասնակցել մինչև 17 տարեկանների խոշոր միջազգային մրցաշարերի։ Նրա մրցակիցը Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր է։
Մրցաշարը հաղթանակով սկսեց նաև Դավիթ Բալեյանը։ Մինչև 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը 8։6 հաշվով հաղթեց լեհ Պշեմիսլավ Մոժեկին։