«Նոան» ոչ-ոքի խաղաց «Զիմբրուի» հետ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի «Նոան» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց մոլդովական «Զիմբրուի» հետ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում։ Քիշնևում կայացած հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։
Դաշտի տերերը հաշիվը բացեցին 43-րդ րոպեին։ Հակագրոհներից մեկի արդյունքում աչքի ընկավ Շտեֆան Բիցան։
Չնայած դրան՝ հանդիպման մեծ մասում «Նոան» տիրում էր նախաձեռնությանը, ավելի հաճախ էր գրոհում և ավելի շատ հարվածներ կատարում մրցակցի դարպասին։ Հայաստանի չեմպիոնը նաև վաստակեց ինը անկյունային, որոնցից մեկը 88-րդ րոպեին ավարտվեց պատասխան գոլով։
Փոխարինման դուրս եկած Գոռ Մանվելյանը կատարեց անկյունայինի փոխանցումը, իսկ մեկ այլ փոխարինման մտած ֆուտբոլիստ՝ Վալենտին Կոստակեն, հավասարեցրեց հաշիվը։
Ընդհանուր առմամբ, «Նոան» ավելի մոտ էր հաղթանակին և խաղադաշտում նկատելի առավելություն ուներ։ Արտագնա ոչ-ոքին թիմին լավ հնարավորություններ է տալիս հաջորդ փուլ դուրս գալու համար։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին՝ Աբովյանում։
Այս զույգի հաղթողը կմրցի ԲԱՏԷ — «Սիոն» դիմակայության ուժեղագույնի հետ։ Այդ թիմերի առաջին հանդիպումը նույնպես ավարտվել է 1։1 հաշվով։
«Նոայի» կազմում առաջին րոպեներից նորամուտը նշեցին Սթոուն Մամբոն, Դանի Ֆիգեյրան և Մարիո Գոնսալեսը։ Մարկո Լազետիչը և Բրայան Օդդեյը նոր թիմի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկան փոխարինման։
«Նոայի» կազմը. Դանի Ֆիգեյրա — Էրիկ Բոակյե, Սթոուն Մամբո, Նաթանիել Սայնտինի, Դավիդ Սուալեհե (Համբարձումյան, 83) — Գուստավո Սանգարե (Մանվելյան, 83), Արամ Խամոյան (Օդդեյ, 46), Տակուտո Օսիմա — Էլդեր Ֆերեյրա, Մարին Յակոլիշ (Կոստակե, 64) — Մարիո Գոնսալես (Լազետիչ, 64)։