«Նոան» դիմել է ՀՖՖ-ին՝ Պրեմիեր լիգայի հանդիպումների հեռարձակման խնդիրների կապակցությամբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոա» ֆուտբոլային ակումբը պաշտոնական նամակ է հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի հանդիպումների հեռարձակման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Ակումբի հայտարարության մեջ նշվում է, որ առաջնությունը մեկնարկել է առանց պաշտոնական հեռարձակողի, մինչդեռ ակումբները նախապես որևէ պաշտոնական ծանուցում կամ պարզաբանում չեն ստացել։ «Նոայի» ներկայացուցիչները նաև ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ որոշ հանդիպումներ հեռարձակվում են առանց մեկնաբանի։
Ակումբում ստեղծված իրավիճակն անընդունելի են համարում։ «Նոայում» ընդգծել են, որ կայուն և պրոֆեսիոնալ հեռարձակումների բացակայությունն ազդում է ոչ միայն երկրպագուների, այլև այն ակումբների շահերի վրա, որոնք զգալի միջոցներ են ներդնում հայկական ակումբային ֆուտբոլի զարգացման գործում և պարտավորություններ ունեն իրենց հովանավորների ու գործընկերների առջև։
Ակումբի կարծիքով՝ խնդիրը չի սահմանափակվում միայն մեդիա ոլորտով։ Այն անմիջականորեն ազդում է առաջնության կոմերցիոն գրավչության, հովանավորների տեսանելիության և երկրպագուների ներգրավվածության վրա։ Բացի այդ, հեռարձակումների որակը կարևոր նշանակություն ունի VAR համակարգի լիարժեք աշխատանքի և, հետևաբար, մրցավարական որոշումների որակի համար։
«Նոայում» առանձին մտահոգություն են հայտնել նաև այն կապակցությամբ, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր։
Ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից խնդրել է պարզաբանել, թե ինչու է մրցաշրջանը մեկնարկել առանց պաշտոնական հեռարձակողի, ինչ քայլեր են արդեն ձեռնարկվում խնդրի լուծման ուղղությամբ և ինչ ժամկետներում է նախատեսվում ապահովել հանդիպումների կայուն ու որակյալ հեռարձակումը։
«Ակումբները շարունակում են ներդրումներ կատարել հայկական ֆուտբոլի զարգացման գործում և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ակնկալում են պատասխանատվության, թափանցիկության և ռազմավարական մոտեցման նույն մակարդակը», — ասվում է «Նոայի» հայտարարության մեջ։
Հրապարակման պահին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական պատասխանը ակումբի դիմումին դեռ չէր ներկայացվել։