Մանուել Տուլիպան՝ «Շեմրոկ Ռովերսի» դեմ խաղի մասին. «Փոփոխություններն օգնեցին մեզ տիրել նախաձեռնությանը»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ամփոփել է Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի՝ իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» դեմ պատասխան հանդիպումը։
Դուբլինում կայացած հանդիպումն ավարտվել է Հայաստանի չեմպիոնի՝ 1:2 հաշվով պարտությամբ։ Սակայն առաջին խաղում տարած 2:0 հաշվով հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» երկու հանդիպումների արդյունքում առավելության է հասել 3:2 հաշվով և դուրս եկել հաջորդ փուլ։
Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Տուլիպան նշել է, որ իր թիմն անհաջող է անցկացրել առաջին խաղակեսը, սակայն ընդմիջումից հետո կարողացել է փոխել հանդիպման ընթացքը։
— Երկու թիմերի համար էլ շատ ծանր հանդիպում ստացվեց։ Մենք վատ անցկացրինք առաջին խաղակեսը, իսկ «Շեմրոկ Ռովերսը», ընդհակառակը, շատ լավ խաղաց։ Երկրորդ խաղակեսում փոխեցինք խաղային սխեման՝ 5-3-2-ից անցնելով 4-3-3-ի, ինչպես նաև փոխարինումներ կատարեցինք։ Դա օգնեց մեզ վերահսկել գնդակն ու տիրել նախաձեռնությանը։ Երկրորդ խաղակեսի որոշ հատվածներում մենք գերազանցում էինք մրցակցին և կարողացանք խփել վճռորոշ գոլը,— ասել է գլխավոր մարզիչը։
Պորտուգալացի մասնագետն ընդգծել է, որ ակումբն արդեն կատարել է իր առջև դրված նվազագույն խնդիրը՝ ապահովելով մասնակցությունը եվրոպական մրցաշարերից մեկի հիմնական փուլին։
— Թիմը հասավ իր առջև դրված նպատակին։ Մեր խնդիրն էր դուրս գալ եվրագավաթային մրցաշարերից մեկի հիմնական փուլ, և այդ նվազագույն խնդիրն արդեն կատարված է։ Դա շատ կարևոր է մեզ համար և ակումբի զարգացման տեսանկյունից։ Մենք վատ սկսեցինք հանդիպումը, սակայն կարևոր փոփոխություններ կատարեցինք, ճիշտ որոշումներ ընդունեցինք և դուրս եկանք հաջորդ փուլ,— հավելել է Տուլիպան։
Չեմպիոնների լիգայի որակավորման հաջորդ փուլում «Արարատ-Արմենիան» կհանդիպի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ։ Հայկական ակումբը կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպա լիգայի հիմնական փուլ դուրս գալու համար՝ միաժամանակ արդեն ապահովելով առնվազն մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին։
«Արարատ-Արմենիայի» համար սա կլինի եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում առաջին ելույթը։ Նախկինում հայկական մյուս ակումբները մասնակցել են միայն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին՝ «Փյունիկը», «Ալաշկերտը» և երկու անգամ «Նոան»։