Գևորգ Հարությունյանը Բաքվում ընթացող Մ17 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
- Հեղինակ: Ваге Акопян
- Sportaran
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Գևորգ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում։
Մինչև 51 կգ քաշային կարգում Հարությունյանը ցուցադրել է ամուր բնավորություն և հաղթանակի հասնելու մեծ կամք։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը վիճահարույց մրցավարության պայմաններում պարտվել է Ադրբեջանի ներկայացուցչին, սակայն հնարավորություն է ստացել շարունակելու պայքարը մեդալի համար։
Սփոփիչ գոտեմարտում Գևորգը հաղթել է Ղազախստանի գործող աշխարհի չեմպիոնին, իսկ այնուհետև վստահ է անցկացրել բրոնզե մեդալի համար գոտեմարտը վրացի Սաբա Աբաշիձեի դեմ։ Նա մրցակցին ոչ մի միավոր չի զիջել և հաղթել է 5։0 հաշվով։
Մինչև 51 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Բունյոդ Հասանովը (Ուզբեկստան), որը եզրափակիչում 9։0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին։
Հարությունյանի համար այս բրոնզե մեդալն իրավամբ կարելի է ոսկուն հավասար ձեռքբերում համարել։ Նախկինում մարզիկը չէր դարձել Հայաստանի չեմպիոն և չէր ընդգրկվել Եվրոպայի առաջնությանը մասնակցող հավաքականի կազմում, սակայն աշխարհի առաջնությունում լիարժեք օգտվեց իրեն ընձեռված հնարավորությունից։
Գևորգ Հարությունյանի մեդալը Հայաստանի հավաքականի երկրորդ պարգևն է մրցաշարում՝ Արարատ Ավետիսյանի նվաճած բրոնզից հետո։ Առջևում հայ երկրպագուներին սպասվում է մինչև 71 կգ քաշային կարգում հանդես եկող Ջանես Նազարյանի մասնակցությամբ եզրափակիչը։