Համլետ Մանուկյանի անվանական տարրը մեծ տարածում է ստանում աշխարհի մարմնամարզիկների շրջանում
- Հեղինակ: Vaha Hakobyan
- Sportaran
Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանի անվանական տարրը նժույգաթափերի վրա՝ The Manukyan-ը, ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում սպորտային մարմնամարզության աշխարհում։
Սոցիալական ցանցերում հրապարակվող տեսանյութերից դատելով՝ նոր տարրն արդեն սկսել են ուսումնասիրել տարբեր երկրների մարմնամարզիկներ։ Մարզումներից տեսանյութեր են տարածում Ճապոնիայի, Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների մարզիկներն ու մարմնամարզության դպրոցների ներկայացուցիչները։
The Manukyan-ը մեկ բռնակի վրա իրար հաջորդող երկու տարրերի՝ Bertoncelj-ի և Davtyan-ի համակցություն է։ Դրա բարդությունը համապատասխանում է F կարգին և գնահատվում է 0,6 միավոր։ Նժույգաթափերի վարժություններում սա բարձր ցուցանիշ է, որը բնորոշ է միջազգային և համաշխարհային մակարդակի մարմնամարզիկների ծրագրերին։
Համլետ Մանուկյանն առաջին անգամ նոր տարրը հաջողությամբ կատարել է 2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Փարիզում կայացած World Challenge Cup մրցաշարում։ Հետագայում տարրը պաշտոնապես ընդգրկվել է մրցավարական կանոնագրքում՝ հայ մարզիկի ազգանունով։
Փարիզի մրցաշարում Մանուկյանը ներկայացրել է 5,8 միավոր բարդությամբ վարժություն։ Այսպիսով, նոր տարրի 0,6 միավոր արժեքը կազմել է նրա ծրագրի բարդության ընդհանուր գնահատականի ավելի քան 10 տոկոսը։
The Manukyan-ը դարձել է հայկական սպորտային մարմնամարզության դպրոցի ավանդույթների շարունակությունը։ Հայ մարմնամարզիկների անուններով նախկինում նույնպես տարբեր գործիքների վրա կատարվող տարրեր են անվանակոչվել։ Մանուկյանը դեռևս 18 տարեկանում արդեն նժույգաթափերի ուժեղագույն վարպետներից մեկն է․ 2025 թվականին նա դարձել է Եվրոպայի չեմպիոն և դուրս եկել աշխարհի առաջնության եզրափակիչ։
Հայ մարմնամարզիկի հաջորդ խոշոր մրցաշարը կլինի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը Զագրեբում։ Տղամարդկանց մրցումները կանցկացվեն օգոստոսի 19-ից 23-ը, իսկ նժույգաթափերի եզրափակիչը նախատեսված է օգոստոսի 21-ին։ Մանուկյանն ընդգրկված է Հայաստանի հավաքականի հայտացուցակում և կպաշտպանի նախորդ տարի նվաճած Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
The Manukyan-ի նկատմամբ աճող հետաքրքրությունը ցույց է տալիս, որ երիտասարդ հայ մարմնամարզիկի տարրն արդեն դառնում է ժամանակակից համաշխարհային մարմնամարզության մի մասը։