«Էգնատիան» և «Ցելյեն» թրիլերային հանդիպում անցկացրին «Արարատ-Արմենիայի» հետ հնարավոր դիմակայությունից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ալբանական «Էգնատիան» և սլովենական «Ցելյեն» ոչ-ոքի՝ 3:3 հաշվով ավարտեցին Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը։ Դիմակայության ելքը կորոշվի պատասխան խաղում, որը կկայանա Սլովենիայում։
Տանտերերն արդեն 7-րդ րոպեին առաջ անցան Դանիելի ինքնագոլի շնորհիվ։ Ընդմիջումից առաջ Լուկա Կվեսիչը հավասարեցրեց հաշիվը, իսկ 54-րդ րոպեին Արմանդաս Կուչիսն առաջ մղեց «Ցելյեին»։
«Էգնատիան» պատասխանեց Միգել Մեդեյրոսի և Ադամա Դիաբատեի գոլերով, սակայն Կվեսիչը դուբլ ձևակերպեց և սահմանեց վերջնական հաշիվը՝ 3:3։
Երկու թիմերն էլ լավ ծանոթ են հայ երկրպագուներին։ 2023 թվականին «Արարատ-Արմենիան» և «Էգնատիան» դրամատիկ դիմակայություն անցկացրին, որի հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում։ Այդ ժամանակ հաջորդ փուլ դուրս եկավ հայկական ակումբը։
Երևանյան թիմը «Ցելյեի» հետ հանդիպել է 2020 թվականին, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով եվրագավաթային փուլերը բաղկացած էին մեկ խաղից։ «Արարատ-Արմենիան» հաղթանակ տարավ 1:0 հաշվով։
2024 թվականին սլովենական ակումբը խաղացել է նաև «Փյունիկի» դեմ։ Հայկական թիմը հաղթեց առաջին հանդիպումը՝ 1:0, սակայն պատասխան խաղում «Ցելյեն» առավելության հասավ 4:1 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ։ Սլովենական թիմի բոլոր չորս գոլերը խփեց փոխարինման դուրս եկած երկու մետր հասակ ունեցող լիտվացի հարձակվող Արմանդաս Կուչիսը։ Ֆուտբոլիստը շարունակում է հանդես գալ թիմի կազմում և գոլի հեղինակ դարձավ նաև «Էգնատիայի» դեմ առաջին խաղում։
«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի երրորդ փուլում կհանդիպի այս զույգի հաղթողի հետ, եթե հաղթահարի իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» արգելքը։ Պարտության դեպքում հայկական ակումբը ելույթները կշարունակի Եվրոպայի լիգայում, որտեղ նրա մրցակիցը կլինի «Էգնատիա» — «Ցելյե» զույգի պարտվողը։
Առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 2:0 հաշվով հաղթել է «Շեմրոկ Ռովերսին»։ Սակայն թիմին դեռ սպասվում է պատասխան հանդիպումը Դուբլինում, ուստի դիմակայության ելքը դեռ որոշված չէ։
Այսպիսով՝ անկախ իռլանդական ակումբի դեմ պատասխան հանդիպման արդյունքից, «Արարատ-Արմենիայի» հաջորդ մրցակիցը կլինի կամ «Էգնատիան», կամ «Ցելյեն»։