Արթուր Ղարիբյանը «Ռոդինայի» կազմում խփել է մրցաշրջանի իր առաջին գոլը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արթուր Ղարիբյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի FONBET գավաթի՝ ՌՊԼ ուղու խմբային փուլի առաջին տուրի «Ռուբինի» դեմ խաղում։
Ղարիբյանը «Ռոդինայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել ամբողջ հանդիպմանը։ 78-րդ րոպեին հարձակվողն օգտվել է Խոսե Ռեյնայի փոխանցումից և խփել իր թիմի չորրորդ գոլը։
20-ամյա ֆուտբոլիստի համար սա մրցաշրջանի առաջին գոլն էր։ Ավելի վաղ Ղարիբյանը մասնակցել էր նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խաղերից մեկում գրանցված արդյունավետ գրոհին։ Նրա հարվածից հետո գնդակը հայտնվել էր դարպասում, սակայն գոլը գրանցվել էր որպես ինքնագոլ։
«Ռոդինան» հաղթել է 5։0 հաշվով։ Ղարիբյանից բացի, գոլեր են խփել դուբլի հեղինակ դարձած Մագոմեդհաբիբ Աբդուսալամովը, Անդրեյ Եգորիչևը և Արտյոմ Մաքսիմենկոն։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն չի ընդգրկվել «Ռուբինի» կազմում։ Վնասվածքի պատճառով նա ընթացիկ մրցաշրջանում դեռևս խաղադաշտ դուրս չի եկել։