SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արտակ Օսեյան. «Հավատում ենք, որ կարող ենք հաղթել «Դեբրեցենին» և դուրս գալ հաջորդ փուլ»


Արտակ Օսեյան. «Հավատում ենք, որ կարող ենք հաղթել «Դեբրեցենին» և դուրս գալ հաջորդ փուլ»
Ֆուտբոլ

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն ու թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մասնակցել են Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ հունգարական «Դեբրեցենի» դեմ պատասխան խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսին։

Հունգարիայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 1։0 հաշվով հաղթանակով։ Պատասխան խաղը կկայանա հուլիսի 30-ին Երևանում։

Հովհաննես Հարությունյան. «Վստահ ենք, որ կարող ենք հաղթել»

«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը խոսել է հարազատ ակումբ վերադառնալու և առաջիկա խաղին թիմի նախապատրաստության մասին։

— Ի՞նչ զգացողություններ ունեք հարազատ թիմ վերադառնալուց հետո։ Ինչպե՞ս ընդունեցին Ձեզ, և որքանո՞վ եք արդեն հասցրել հարմարվել։

— Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ հարազատ թիմ։ Ֆուտբոլիստներն ու մարզիչներն ինձ շատ ջերմ ընդունեցին։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ խաղով շնորհակալություն հայտնեմ նրանց։

— Առաջին խաղի ընթացքը չէր հուշում, որ «Փյունիկը» կարող է պարտվել։ Թիմն ինչպե՞ս ընդունեց այդ պարտությունը, և պատրա՞ստ է պատասխան հանդիպմանը։

— Անկեղծ ասած՝ մենք արդեն մոռացել ենք առաջին խաղը։ Շատ լավ ենք պատրաստվել պատասխան հանդիպմանը և վստահ ենք, որ կարող ենք հաղթել։

Արտակ Օսեյան. «Մեր խաղամակարդակը թույլ է տալիս հույս դնել հաղթանակի վրա»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը նշել է, որ առաջին հանդիպման ընթացքում թիմը պարտության արժանի չէր, սակայն շարունակում է վստահել իր ուժերին։

— Թիմն ինչպե՞ս ընդունեց առաջին խաղում կրած պարտությունը, և հոգեբանորեն որքանո՞վ է պատրաստ պատասխան հանդիպմանը։

— Իսկապես, դա խաղ էր, որում մենք պարտության արժանի չէինք։ Իհարկե, ցավալի էր նման հանդիպումում պարտվելը։ Սակայն մեր խաղամակարդակը թույլ է տալիս մտածել, որ կարող ենք հաղթել և դուրս գալ հաջորդ փուլ։ Ինչ վերաբերում է թիմի տրամադրությանը, ապա բոլորը հավատում են հաղթանակին և հաջորդ փուլ դուրս գալուն։

— Ի՞նչ կարող եք ասել Արտակ Դաշյանի վնասվածքի մասին։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի նրա վերականգնման համար։

— Դա շատ տխուր նորություն է մեզ համար։ Դաշյանը բաց կթողնի վաղվա խաղը։ Վերականգնման համար նրան առնվազն երկու շաբաթ կպահանջվի։

Արտակ Դաշյանը վնասվածք է ստացել «Դեբրեցենի» դեմ առաջին խաղի առաջին կեսում։

— Ի՞նչը չբավարարեց թիմին առաջին հանդիպման ժամանակ։ Բացի այդ, «Դեբրեցենն» արդեն հանդիպում է անցկացրել ներքին առաջնությունում։ Ի՞նչ կարող եք ասել այդ խաղի մասին։

— Առաջին հանդիպումը լիովին հավասար պայքարում անցավ։ Միակ բանը, որ մեզ չբավարարեց, վճռական հարվածն ու ստեղծված պահերի իրացումն էր։ Մրցակցին դա հաջողվեց։ Այդ պատճառով վաղը պետք է ավելի լավ խաղանք, եթե ցանկանում ենք դուրս գալ հաջորդ փուլ։

Չեմ կարծում, որ «Դեբրեցենի»՝ առաջնությունում անցկացրած հանդիպումը մեծ ազդեցություն կունենա մեր խաղի վրա։ Այդ հանդիպմանը հիմնական կազմի շատ ֆուտբոլիստներ չէին մասնակցում, կազմի ռոտացիա էր կատարվել։ Թիմի գործողություններում ոչ մի նոր բան չտեսանք։

— Վերջերս «Փյունիկին» է միացել Վիտին, որը մի քանի րոպե խաղաց առաջին հանդիպման ժամանակ։ Ի՞նչ մարզավիճակում է նա այժմ։

— Նա մեզ է միացել շատ լավ ֆիզիկական վիճակում, քանի որ իր նախկին թիմի հետ մասնակցել է մինչմրցաշրջանային նախապատրաստությանը։ Միակ խնդիրը մեր խաղին հարմարվելն է։ Հուսով եմ՝ առաջին հանդիպման ընթացքում խաղադաշտում անցկացրած րոպեները կօգնեն նրան վաղն ավելի լավ հանդես գալ։

— Ինչո՞վ էր պայմանավորված դարպասապահի սխալը բաց թողած գոլի դրվագում։

— Անհատական սխալներն անխուսափելի են։ Մենք պատճառներ կամ արդարացումներ չենք փնտրում, այլ մեր խնդիրները լուծելու ուղիներ ենք որոնում։ Մենք վերլուծել ենք այդ դրվագը, որպեսզի հետագայում նման սխալներ թույլ չտանք։

— Առաջին խաղում թվում էր, թե «Փյունիկը» ամբողջ ուժով չէր գրոհում, իսկ հանդիպումն ավելի շատ մարտավարական բնույթ ուներ։ Հնարավո՞ր է, որ թիմը պատասխան խաղում ավելի ուժեղ գործի հարձակման գծում։

— Իհարկե, բարելավելու տեղ ունենք։ Սակայն առաջին հերթին պետք է խելացի խաղանք։ Անհրաժեշտ է չեզոքացնել մրցակցի ուժեղ կողմերը, ապա օգտվել նրա թույլ կողմերից։ Այդ պատճառով մեզ համար կարևոր է հավասարակշռված գործել։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։