SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արտակ Օսեյան․ ««Դեբրեցենի» հետ դիմակայությունում ֆավորիտ չկա»


Արտակ Օսեյան․ ««Դեբրեցենի» հետ դիմակայությունում ֆավորիտ չկա»
Ֆուտբոլ

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը և թիմի դարպասապահ Հենրի Ավագյանը մասնակցել են հունգարական «Դեբրեցենի» դեմ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսին։

Թիմերի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 23-ին՝ Դեբրեցենում։

Հենրի Ավագյան

— Ֆիզիկական ի՞նչ վիճակում է թիմը, և ի՞նչ եք ակնկալում առաջիկա հանդիպումից։

— Մենք գերազանց վիճակում ենք։ Ես նույնպես ինձ լավ եմ զգում։ Ինչպես միշտ, մեր առջև առավելագույն խնդիրներ են դրված։ Մենք այստեղ ենք եկել՝ մեզ լավագույն կողմերով դրսևորելու համար։

— Ինչպես առաջին փուլում՝ «Մարսաշլոկի» դեմ, այս անգամ նույնպես առաջին հանդիպումն անցկացնելու եք մրցակցի հարկի տակ։ Որքանո՞վ է հարմար, որ պատասխան խաղը կայանալու է տանը։

— Իհարկե, տարբերություն կա։ Կարծում եմ՝ երբ առաջին հանդիպումն անցկացվում է արտագնա, մենք կարող ենք տակտիկապես այնպես կառուցել խաղը, որ տուն վերադառնանք մեզ համար հարմար հաշվով։

— Ի՞նչ կարող եք ասել մրցակցի մասին։

— Չեմ բացահայտի մեր մարտավարությունը, սակայն մենք լավ ուսումնասիրել ենք մրցակցին, գիտենք նրա ուժեղ և թույլ կողմերը և հասկանում ենք, թե ինչպես պետք է խաղանք։

Արտակ Օսեյան

— Ինչպե՞ս եք գնահատում ձեր թիմի հնարավորությունները, և ի՞նչ կարող եք ասել մրցակցի մասին։

— «Դեբրեցենը» բարձրակարգ թիմ է՝ որակյալ ֆուտբոլիստներով։ Մեզ բարդ հանդիպումներ են սպասվում, սակայն կարծում եմ՝ այս դիմակայությունում ֆավորիտ չկա։ Թիմերի հնարավորությունները հավասար եմ գնահատում։

— Հունգարիայի և Հայաստանի առաջնությունները դեռ չեն մեկնարկել, սակայն, ի տարբերություն «Դեբրեցենի», «Փյունիկն» արդեն երկու պաշտոնական հանդիպում է անցկացրել Կոնֆերենցիաների լիգայում։ Կարո՞ղ է դա առավելություն դառնալ։

— Մենք որոշակի առավելություն կունենանք, բայց չեմ կարծում, որ դա վճռորոշ գործոն կլինի։

— «Մարսաշլոկի» դեմ պատասխան հանդիպումից հետո նշել էիք, որ թիմին հարձակման գծում պակասում էին արագությունն ու ստեղծագործականությունը։ Աշխատե՞լ եք այդ ուղղությամբ։

— Իհարկե։ Յուրաքանչյուր հանդիպումից հետո մենք վերլուծում ենք սխալները և աշխատում դրանք շտկելու ուղղությամբ։ Հուսով եմ՝ վաղվա խաղում ամեն ինչ այլ կերպ կլինի։

— Թիմը մեծ ճանապարհ է անցել Հունգարիա հասնելու համար։ Ֆուտբոլիստները հասցրե՞լ են վերականգնվել։

— Դա մեր գլխավոր խնդիրն էր, այդ պատճառով Հունգարիա ենք ժամանել հանդիպումից երկու օր առաջ։ Հուսով եմ՝ վաղվա խաղին թիմն արդեն լիովին վերականգնված կլինի։

«Դեբրեցենը» Կոնֆերենցիաների լիգայում պայքարը սկսում է երկրորդ փուլից, իսկ «Փյունիկն» առաջին փուլում երկու անգամ հաղթել է մալթայական «Մարսաշլոկին»՝ 3։0 և 1։0 հաշիվներով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։