«Հայերը շարունակում են հետապնդել իռլանդական ֆուտբոլին». ինչու Իռլանդիայում այդքան ցավագին ընդունեցին «Արարատ-Արմենիայի» հաջողությունը
Sportsfile
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Հայերը շարունակում են հետապնդել իռլանդական ֆուտբոլին», — այս խոսքերով է Irish Independent-ի լրագրողը սկսել Չեմպիոնների լիգայից «Շեմրոկ Ռովերսի» դուրս մնալուն նվիրված իր նյութը՝ «Արարատ-Արմենիայի» դեմ դիմակայությունից հետո։
Արտահայտությունը հնչեղ ու զգացմունքային է ստացվել։ Հեղինակը մանրամասն չի բացատրել, թե կոնկրետ ինչում է դրսևորվում այդ «հետապնդումը», սակայն վերջին տարիներին Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումներն իսկապես բարդ են դասավորվում իռլանդական ֆուտբոլի համար։
Սկզբում Իռլանդիայի հավաքականը ցավալի պարտություն կրեց Երևանում։ Այժմ արդեն «Արարատ-Արմենիան» կանգնեցրեց Իռլանդիայի ուժեղագույն ակումբին Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ տանող ճանապարհին։
Իրավիճակին առանձնահատուկ հեգնանք է հաղորդում երկրպագուների արձագանքը ազգային հավաքականի անհաջողությունից հետո։ Այն ժամանակ նրանցից ոմանք պնդում էին, որ «Շեմրոկ Ռովերսը» հայերի դեմ զգալիորեն ավելի լավ կխաղար։ Շուտով ակումբը հնարավորություն ստացավ այդ խոսքերն ապացուցելու խաղադաշտում, սակայն վերջնական արդյունքը կրկին Հայաստանի ներկայացուցչի օգտին էր։
«Արարատ-Արմենիան» դիմացավ ճնշմանը
Երևանում կայացած առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց 2։0 հաշվով՝ պատասխան հանդիպումից առաջ ստեղծելով ամուր առավելություն։
Դուբլինում «Շեմրոկ Ռովերսը» առաջին իսկ րոպեներից նետվեց առաջ։ Մեթ Հիլիի և Աարոն Գրինի գոլերի շնորհիվ տանտերերը դեռ ընդմիջումից առաջ առաջ անցան 2։0 հաշվով և հավասարեցրին դիմակայության ընդհանուր հաշիվը։
Լեփ-լեցուն տրիբունաների աջակցությամբ իռլանդական թիմը տիրում էր նախաձեռնությանը, գոլային պահեր էր ստեղծում և շատ մոտ էր լիարժեք վերադարձի։ Թվում էր, թե հյուրերը կարող են չդիմանալ ճնշմանը։
Սակայն «Արարատ-Արմենիան» հոգեբանորեն չկոտրվեց և սպասեց իր հնարավորությանը։ Հիմնական ժամանակի ավարտից 16 րոպե առաջ Սանդրո Լիման ավարտին հասցրեց արագ գրոհը և խփեց վճռորոշ գոլը։
«Շեմրոկ Ռովերսը» պատասխան խաղում հաղթեց 2։1 հաշվով, սակայն երկու հանդիպումների արդյունքում հաջորդ փուլ անցավ «Արարատ-Արմենիան»՝ 3։2 ընդհանուր հաշվով։
Հայկական ակումբը Դուբլինում կատարյալ հանդիպում չանցկացրեց։ Թիմը մրցակցին թույլ տվեց երկու գոլ խփել, երկար ժամանակ լուրջ ճնշման տակ էր և երբեմն ստիպված էր կենտրոնանալ բացառապես պաշտպանության վրա։
Սակայն եվրագավաթային դիմակայությունները չեն հաղթում վառ գրոհների քանակով կամ մեկ հաջող խաղակեսի շնորհիվ։ «Արարատ-Արմենիան» տանը ստեղծեց անհրաժեշտ առավելությունը, իսկ արտագնա խաղում վճռորոշ հարվածը հասցրեց հենց այն պահին, երբ իռլանդացիներն արդեն հավատացել էին փրկությանը։

«Շեմրոկ Ռովերսն ավելի լավ կխաղար»
2025 թվականի սեպտեմբերին Հայաստանի հավաքականից 1։2 հաշվով կրած պարտությունից հետո իռլանդացի լրագրողները, նախկին ֆուտբոլիստներն ու երկրպագուները խիստ քննադատության ենթարկեցին ազգային թիմին։
Արդյունքն անվանում էին «խայտառակություն», «աղետ» և Իռլանդիայի ֆուտբոլի պատմության ամենավատ պարտություններից մեկը։ Attacking Football պարբերականը գրում էր, որ Հայաստանը լրջորեն բարդացրել է իռլանդացիների պայքարը աշխարհի առաջնության ուղեգրի համար, իսկ որոշ մեկնաբաններ պահանջում էին գլխավոր մարզիչ Հեյմիր Հալգրիմսոնի անհապաղ հրաժարականը։
Իռլանդիայի հավաքականի նախկին խաղացող Դեմիեն Դելանին խոստովանում էր, որ մրցակիցը գրեթե բոլոր բաղադրիչներով գերազանցել է իր թիմին՝ տակտիկապես, ֆիզիկապես և հոգեբանորեն։ Գլեն Ուիլանը քննադատում էր կազմի ընտրությունն ու նվիրվածության պակասը, իսկ Ռիչարդ Դաննը խոսում էր պայքարի, ագրեսիայի և բնավորության բացակայության մասին։
Հանդիպումից հետո Հալգրիմսոնն ինքը խոստովանեց, որ իր թիմը տակտիկական առումով ձախողել է խաղը։
Իռլանդացիների համար հատկապես ցավալի էր այն փաստը, որ Հայաստանի հավաքականի կազմում քիչ չէին ներքին առաջնության ներկայացուցիչները։ Խաղից առաջ շատերը վստահ էին, որ հիմնականում ավելի ուժեղ արտասահմանյան առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստները պարտավոր են կարգով գերազանցել մրցակցին։
Խաղադաշտում այդ առավելությունը չկար։ Հայաստանի հավաքականն ավելի կազմակերպված և վստահ տեսք ուներ և ավելի արդյունավետ էր օգտագործում իր հնարավորությունները։
Այս համատեքստում հատկանշական էր երկրպագուների արձագանքը։ Նրանցից մեկը գրել էր․
«Շեմրոկ Ռովերսն այս Հայաստանի դեմ ավելի լուրջ պայքար կմղեր։ Մենք խայտառակություն ենք»։
«Ո՞վ կարող է պնդել, որ «Ռովերսն» ավելի լավ չէր խաղա։ Հայաստանը Կոնֆերենցիաների լիգայի նախնական փուլերի մակարդակի թիմ է, բայց Իռլանդիան այնպես արեց, որ նրանք իրենց ծաղկման շրջանի Բրազիլիայի հավաքականի նման տեսք ունենային»։
Մյուսները նույնպես հարց էին տալիս, թե ինչու երկրի ուժեղագույն ակումբը չէր կարող հայերի դեմ ազգային հավաքականից ավելի հաջող խաղալ։
Որոշ ժամանակ անց ֆուտբոլը հնարավորություն տվեց ստուգելու այդ ենթադրությունը։ «Շեմրոկ Ռովերսն» իսկապես լուրջ պայքար մղեց, կարողացավ հետ բերել երկու գոլ և «Արարատ-Արմենիային» ստիպեց ծանր երեկո անցկացնել։ Սակայն վերջնական արդյունքը նույնը մնաց․ հայկական ֆուտբոլի ներկայացուցիչը հասավ իրեն անհրաժեշտ արդյունքին։
Դիմակայությունների լարված պատմությունը
Հայաստանի և Իռլանդիայի միջև հանդիպումները վերջին տարիներին հազվադեպ են հանգիստ անցնում։
2022 թվականի Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը Երևանում 1։0 հաշվով հաղթեց Իռլանդիային՝ Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ։
Դուբլինում կայացած պատասխան հանդիպումն ավելի լարված ստացվեց։ Իռլանդիան առաջ անցավ 2։0 հաշվով, սակայն Հայաստանի հավաքականը հավասարեցրեց հաշիվը Արտակ Դաշյանի և Սպերցյանի գոլերից հետո։ Հանդիպման վերջնամասում նշանակված 11-մետրանոցը հաղթանակ պարգևեց տանտերերին, երբ Հայաստանի հավաքականն արդեն ինը հոգով էր մնացել։ Իռլանդացիները հաղթեցին 3։2 հաշվով, սակայն այդ հաղթանակը հեշտ անվանել հնարավոր չէր։
Հաջորդ ընտրական փուլում Հայաստանը կրկին հաղթեց Իռլանդիային Երևանում՝ այս անգամ 2։1 հաշվով։
Արտագնա հանդիպման ժամանակ իռլանդացիները ռևանշի հասան՝ 1։0, սակայն միակ գոլը խփվեց Հայաստանի հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանի հեռացումից հետո։ Մինչև կարմիր քարտը հայկական թիմն առնվազն մրցակցից վատ տեսք չուներ։
Նույնիսկ այն հանդիպումներում, որոնք ավարտվում էին Իռլանդիայի հաղթանակով, Հայաստանի ներկայացուցիչները ստիպում էին նրան պայքարել մինչև վերջին րոպեները։ Այժմ այս պատմությունը շարունակություն ստացավ նաև ակումբային մակարդակում։
Ինչու են Իռլանդիայում այս պարտություններն այդքան ծանր ընդունում
Դատելով լրագրողների և երկրպագուների արձագանքից՝ Իռլանդիայում շարունակում են թերագնահատել հայկական ֆուտբոլը։
Նման հանդիպումներից առաջ իռլանդական թիմերին հաճախ համարում են ակնհայտ ֆավորիտներ։ Այդ պատճառով Հայաստանի ներկայացուցչից կրած պարտությունն ընկալվում է ոչ թե պարզապես որպես մարզական անհաջողություն, այլ գրեթե որպես նվաստացում։
Այստեղից էլ՝ հավաքականների հանդիպումից հետո հնչած «խայտառակություն» և «աղետ» արտահայտությունները։ Այստեղից էլ՝ հիասթափությունը «Շեմրոկ Ռովերսի» դուրս մնալուց հետո, թեև թիմը տնային ուժեղ հանդիպում անցկացրեց, բազմաթիվ պահեր ստեղծեց և մոտ էր վերադարձ կատարելուն։
Սակայն նման դատողություններ արդեն հնչել էին ազգային հավաքականների հանդիպումներից հետո։ Իռլանդական կողմը կրկին վստահ էր, որ պարտավոր է հաղթել, սակայն Հայաստանի ներկայացուցիչն ավելի լավ պատրաստված գտնվեց իր հնարավորություններն օգտագործելու համար։
Ֆուտբոլում հարգանքը նախապես չեն շնորհում՝ վարկանիշների, բյուջեների կամ ազգային առաջնության հեղինակության հիման վրա։ Այն պետք է նվաճել խաղադաշտում։
Վերջին տարիներին հայկական թիմերը պարբերաբար ստիպում են իռլանդացիներին հրաժարվել սեփական գերազանցության զգացումից։
Ավելացնենք նաև, որ Իռլանդիան այս պահին ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում զբաղեցնում է 32-րդ տեղը, իսկ Հայաստանը նրանից ընդամենը մեկ հորիզոնականով ցածր է՝ 33-րդ տեղում։ Այսինքն՝ առաջնությունների մակարդակների միջև տարբերություն չկա։
«Հետապնդո՞ւմ», թե՞ օրինաչափություն
Irish Independent-ի այն արտահայտությունը, թե հայերը շարունակում են «հետապնդել» իռլանդական ֆուտբոլին, կարող է չափազանցություն թվալ։ Սակայն այն ճշգրիտ փոխանցում է իռլանդական կողմի զգացմունքային վիճակը։
Սկզբում Հայաստանի հավաքականը Երևանում հաղթեց Իռլանդիային և քննադատության մեծ ալիք առաջացրեց տեղական մամուլում։ Դրանից հետո երկրպագուները հայտարարեցին, որ «Շեմրոկ Ռովերսը» հայերի դեմ ավելի հաջող հանդես կգար։ Այժմ արդեն Իռլանդիայի չեմպիոնն ինքը երկու հանդիպումների արդյունքում զիջեց հայկական ակումբին և լքեց Չեմպիոնների լիգան։
Կարելի է խոսել անհաջողության, չօգտագործված պահերի և պատասխան հանդիպման ընթացքում ունեցած առավելության մասին։ Սակայն արդյունքը մնում է արդյունք․ ամբողջ դիմակայության արդյունքում «Արարատ-Արմենիան» ավելի ուժեղ գտնվեց։
Ուստի այն խոսքերը, որ հայերը «հետապնդում են» իռլանդական ֆուտբոլին, կարելի է ընկալել նաև որպես յուրատեսակ հաճոյախոսություն։ Հայաստանի ներկայացուցիչներն իռլանդացիներին ստիպում են նյարդայնանալ, խաղալ մինչև ուժերի վերջին սահմանը և ծանր տանել անհաջողությունները։
Իռլանդիան երբեմն հաղթում է։ Սակայն վերջին տարիներին հայկական թիմերի հետ հանդիպումներն առանց ցավագին հետևանքների ավարտել նրան իսկապես հազվադեպ է հաջողվում։