Ֆուտզալի Հայաստանի հավաքականը իմացավ 2028 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցակիցներին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը իմացավ 2028 թվականի աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլի մրցակիցներին։
Վիճակահանության արդյունքներով Հայաստանի հավաքականը ընդգրկվել է առաջին խմբում։ Մեր թիմի մրցակիցները կլինեն Հունգարիայի և Շվեդիայի ազգային հավաքականները։
Հայկական ֆուտզալի համար սա առանձնահատուկ ընտրական ցիկլ է լինելու։ Հայաստանի հավաքականը առաջին անգամ աշխարհի առաջնության որակավորումը կսկսի անմիջապես հիմնական փուլից։ Վերջին տարիներին թիմը զգալի առաջընթաց է գրանցել միջազգային հարթակում, իսկ այժմ հնարավորություն կունենա հաստատել իր նոր կարգավիճակը նաև աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարում։
Հիմնական ընտրական փուլին կմասնակցի 36 հավաքական։ Դրանք բաժանվել են 12 խմբի՝ յուրաքանչյուրում երեքական թիմով։ Հանդիպումները կանցկացվեն տուն-հյուր ձևաչափով։
Հիմնական փուլի հանդիպումները նախատեսված են մի քանի միջազգային պատուհանների ընթացքում․ դրանք կմեկնարկեն 2026 թվականի հոկտեմբերին և կավարտվեն 2027 թվականի մարտին։
12 խմբերի հաղթողները, ինչպես նաև երկրորդ տեղը զբաղեցրած չորս լավագույն հավաքականները, ուղղակիորեն դուրս կգան որակավորման էլիտ ռաունդ։ Երկրորդ տեղը զբաղեցրած մնացած ութ թիմերը պայքարը կշարունակեն հիմնական փուլի փլեյ-օֆֆում։
Այսպիսով, Հայաստանի հավաքականին սպասվում է բարդ, բայց հետաքրքիր խումբ, որտեղ յուրաքանչյուր հանդիպում մեծ նշանակություն կունենա ընտրական պայքարը շարունակելու համար։
