Արման Ծառուկյանը Hype Armenia մրցաշարում ցավեցնող հնարքով հաղթեց Անկիտ Բայանպուրային
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարտիկ Արման Ծառուկյանը հաղթանակ տարավ հնդիկ ֆիթնես բլոգեր և ըմբիշ Անկիտ Բայանպուրայի նկատմամբ Hype Armenia մրցաշարի գլխավոր գոտեմարտում, որը կայացավ օգոստոսի 1-ին Երևանում։
Գրեփլինգի կանոններով անցկացվող գոտեմարտն ավարտվեց մեկնարկից ընդամենը երկու րոպե անց։ Ծառուկյանը ձեռքի ցավեցնող հնարք՝ արմնկի լծակ կիրառեց՝ ստիպելով մրցակցին հանձնվել։
Գոտեմարտից հետո Արմանը դիմեց Դիլոն Դանիսին՝ հայկական ծագում ունեցող ամերիկացի մարտիկին, և մարտահրավեր նետեց նրան՝ հաջորդ գոտեմարտն անցկացնելու Երևանում։
Ծառուկյանի համար սա երկրորդ ելույթն էր Երևանում։ 2025 թվականի դեկտեմբերին նա մասնակցել էր Hype մրցաշարին, որտեղ հանդիպել էր Շարաբուտդին Մագոմեդովի՝ Շարա Բուլետի հետ։ Այդ գոտեմարտն ավարտվել էր ոչ-ոքի։
Ծառուկյանը խոստովանել է, որ նման մրցաշարերին մասնակցում է, քանի որ դրանք իրեն հնարավորություն են տալիս ելույթ ունենալ հարազատ հանդիսատեսի առաջ և ուրախացնել հայ երկրպագուներին։
Անկիտ Բայանպուրան Հնդկաստանում հայտնի է որպես բազմամիլիոնանոց լսարան ունեցող հանրահայտ ֆիթնես բլոգեր։ Նա նաև զբաղվում է հնդկական ավանդական ըմբշամարտով։ Սակայն թեթև քաշային կարգի ուժեղագույն մարտիկներից մեկի՝ Ծառուկյանի դեմ պայքարում Բայանպուրան չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ։
Ծառուկյան — Բայանպուրա գոտեմարտը գլխավորեց Երևանում կայացած Hype Armenia մրցաշարը։