Անգլիան տասը գոլանոց խաղում հաղթեց Ֆրանսիային և նվաճեց ԱԱ-2026-ի բրոնզե մեդալները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Անգլիայի հավաքականը դարձավ 2026 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Երրորդ տեղի համար անհավանական սցենարով խաղում անգլիացիները 6:4 հաշվով հաղթեցին Ֆրանսիային։
Անգլիայի հավաքականը գրեթե կատարյալ անցկացրեց առաջին խաղակեսը և ընդմիջման գնաց չորս գնդակի առավելությամբ։ Արդեն երրորդ րոպեին հաշիվը բացեց Դեկլան Ռայսը, որից հետո աչքի ընկավ Էզրի Կոնսան։ Մինչև ընդմիջում ևս երկու գոլ խփեց Բուկայո Սական՝ դառնալով գոլի հեղինակ 37-րդ րոպեին և առաջին խաղակեսի ավելացված ժամանակում՝ իրացնելով 11-մետրանոցը։
Սակայն ընդմիջումից հետո Ֆրանսիայի հավաքականը քիչ էր մնում տպավորիչ քամբեք իրականացներ։ Քիլիան Մբապեն գոլ խփեց 48-րդ րոպեին, իսկ քիչ անց Բրեդլի Բարկոլան տարբերությունը կրճատեց մինչև երկու գնդակ։ 66-րդ րոպեին Մբապեն դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 4:3։
Ֆրանսիացի հարձակվողի համար այս գոլերը դարձան 21-րդն ու 22-րդը աշխարհի առաջնություններում։ Մբապեն մրցաշարի պատմության մեջ գոլերի քանակով նոր ռեկորդ սահմանեց, սակայն Լիոնել Մեսսին դեռ մեկ հանդիպում ունի անցկացնելու։
Խաղավերջում Սական հեթ-տրիկ ձևակերպեց՝ 87-րդ րոպեին իրացնելով ևս մեկ 11-մետրանոց։ Ավելացված ժամանակի վեցերորդ րոպեին Ուսման Դեմբելեն կրկին խաղի մեջ վերադարձրեց Ֆրանսիային, սակայն վերջին խոսքը Անգլիայինն էր։ Ջուդ Բելինգհեմը մեն-մենակ դուրս եկավ մրցակցի դարպասապահի դիմաց և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 6:4։ Կիսապաշտպանի համար սա ԱԱ-2026-ում յոթերորդ գոլն էր։
Ֆրանսիայի հավաքականի գրոհների գլխավոր կազմակերպիչներից մեկը Մայքլ Օլիսեն էր, որը երկու գոլային փոխանցում կատարեց։
Այսպիսով, Անգլիան 2026 թվականի աշխարհի առաջնությունն ավարտեց երրորդ տեղում, իսկ Ֆրանսիայի դեմ հանդիպումը դարձավ մրցաշարի ամենաարդյունավետ և դրամատիկ խաղերից մեկը։
Ֆրանսիա — Անգլիա՝ 4:6
Գոլերը․ Ռայս, 3 (0:1), Կոնսա, 18 (0:2), Սակա, 37 (0:3), Սակա, 45+1՝ 11-մետրանոցից (0:4), Մբապե, 48 (1:4), Բարկոլա, 54 (2:4), Մբապե, 66 (3:4), Սակա, 87՝ 11-մետրանոցից (3:5), Դեմբելե, 90+6 (4:5), Բելինգհեմ, 90+8 (4:6)։