Զավեն Գալստյանը երեք անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին և վաղաժամ հաղթանակ տարավ RCC Boxing մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Զավեն Գալստյանը տպավորիչ վաղաժամ հաղթանակ տարավ Եկատերինբուրգում կայացած RCC Boxing մրցաշարում։ Կիսամիջին քաշային կարգում հայ մարզիկը երեք անգամ նոկդաունի ենթարկեց ռուսաստանցի Վլադիմիր Բիստրովին, ինչից հետո մրցավարը երկրորդ ռաունդում դադարեցրեց մենամարտը։
Վեց ռաունդի համար նախատեսված մենամարտը մեկնարկեց բարձր տեմպով։ Բիստրովը փորձեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել և առաջ նետվեց, սակայն Գալստյանն արագ պատժեց մրցակցին չափազանց ագրեսիվ գործողությունների համար։ Արդեն առաջին ռաունդի երկրորդ րոպեին հայ բռնցքամարտիկը երկու հարվածից բաղկացած դիպուկ համակցությամբ ռուսաստանցուն առաջին անգամ նոկդաունի ենթարկեց։
Բիստրովը կարողացավ ոտքի կանգնել և շարունակել մենամարտը, որից հետո բռնցքամարտիկները բաց հարվածափոխանակումներ անցկացրին միջին և մոտ տարածություններից։
Երկրորդ ռաունդում Գալստյանը ևս երկու անգամ մրցակցին տապալեց ռինգի հատակին։ Սկզբում Զավենը կողային հարվածներով կանգնեցրեց առաջ նետվող ռուսաստանցուն, իսկ հաջորդ հարվածափոխանակության ժամանակ իրականացրեց արդյունավետ հարվածաշար, որից հետո Բիստրովը հայտնվեց երրորդ նոկդաունում։ Մրցավարը որոշեց դադարեցնել մենամարտը։
Այսպիսով, Գալստյանը տարավ իր պրոֆեսիոնալ կարիերայի երկրորդ հաղթանակը՝ պահպանելով անպարտելի ցուցանիշը՝ 2 հաղթանակ 2 մենամարտում (2-0)։
Մենամարտից հետո հայ բռնցքամարտիկն ընդգծեց, որ մտադիր է հետագայում ևս հանդիսատեսին ուրախացնել դիտարժան ելույթներով և նոկաուտի ենթարկել մրցակիցներին։
«Իմ անունը դեռ շատերը կլսեն», — RCC Boxing մրցաշարում տարած հաղթանակից հետո հայտարարել է Գալստյանը։
Նույն մրցաշարում հանդես եկան նաև Արտյոմ Տատոյանը (1-0-1), որի մենամարտը Էրիկ Ռաժևի (2-1-2) դեմ ավարտվեց ոչ-ոքի, և Հովհաննես Ուստյանը (13-3-1), որը մրցավարների որոշմամբ պարտվեց Դանիիլ Բելովին (3-1-4)։