«Յունիսպորտը»՝ Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն լիգայի չեմպիոն. թիմն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Յունիսպորտը» դարձավ Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն լիգայի չեմպիոն՝ փլեյ-օֆֆի եզրափակիչ շարքում հաղթելով «Երևանին»։ Եզրափակչի երկրորդ խաղում Ալեքսանդր Դիբրիվնու գլխավորած թիմը խոշոր հաղթանակ տարավ 8:3 հաշվով և նվաճեց երկար սպասված չեմպիոնական տիտղոսը։
Եզրափակիչ հանդիպումը կայացավ Երևանում՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում։ «Յունիսպորտը» վստահ անցկացրեց խաղը և կարողացավ ռևանշ վերցնել նախորդ մրցաշրջանի համար, երբ ոսկե մեդալների համար պայքարում զիջել էր «Երևանին»։
Չեմպիոնական խաղի գլխավոր հերոսներ դարձան Համլետ Մանուկյանը և Էդուարդ Մկրտչյանը, որոնք դուբլ ձևակերպեցին։ «Յունիսպորտի» կազմում աչքի ընկան նաև Պուտրուս Վասիլևը, Ռաֆիկ Մելիքյանը և Սարգիս Մարգարյանը։ Եվս մեկ գոլ «Երևանի» դարպասը գրանցվեց որպես Արթուր Պատատյանի ինքնագոլ։
Միևնույն ժամանակ Պատատյանը դարձավ «Երևանի» կազմում ամենաարդյունավետ խաղացողը․ նա հեթ-տրիկ ձևակերպեց, սակայն նրա գոլերը բավարար չէին եզրափակիչ շարքում ինտրիգը վերադարձնելու համար։
«Յունիսպորտի» համար այս հաջողությունը առանձնահատուկ նշանակություն ունի։ Թիմը ոչ միայն դարձավ Հայաստանի չեմպիոն, այլև իր պատմության մեջ առաջին անգամ իրավունք ստացավ հանդես գալ ֆուտզալի Չեմպիոնների լիգայում, որտեղ կներկայացնի Հայաստանը միջազգային ասպարեզում։
Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն լիգայի բրոնզե մեդալակիր դարձավ «Սիևնը»։ Արթուր Նաապետյանի թիմը «Լոգիկոնի» դեմ դիմակայության երկրորդ խաղում հաղթեց 6:2 հաշվով և մրցաշրջանն ավարտեց երրորդ տեղում։
Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն լիգա
Փլեյ-օֆֆի եզրափակիչ, 2-րդ խաղ
«Երևան» — «Յունիսպորտ» — 3:8
Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճ
Գոլեր․ Արթուր Պատատյան — Համլետ Մանուկյան, Էդուարդ Մկրտչյան, Պուտրուս Վասիլև, Ռաֆիկ Մելիքյան, Սարգիս Մարգարյան, Արթուր Պատատյան՝ ինքնագոլ