Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղից առաջ. «Ես Հայաստանի հավաքականի ելույթը ձախողում չեմ համարում»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և հարձակվող Արթուր Սերոբյանը պատասխանել են լրագրողների հարցերին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի խմբային փուլի վերջին՝ Լատվիայի դեմ հանդիպումից առաջ։ Վեցերորդ տուրի հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին Ռիգայում։
Հայաստանի հավաքականն արդեն կորցրել է C2 խմբում երրորդ հորիզոնականից բարձր տեղ զբաղեցնելու հնարավորությունը, ուստի առաջիկա հանդիպումը չի ազդի թիմի վերջնական դիրքի վրա։ Այնուամենայնիվ, Մելիքյանն ընդգծել է, որ թիմը մտադիր է պայքարել հաղթանակի համար՝ չնայած մրցաշարային մոտիվացիայի բացակայությանը։
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում գլխավոր մարզիչը խոսել է հաղթողի հոգեբանության ձևավորման, թիմի ներսում մրցակցության մասին և գնահատել հավաքականի ելույթն Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում։ Մասնավորապես, մասնագետը հրաժարվել է թիմի արդյունքները ձախողում համարել՝ նշելով խաղում նկատվող առաջընթացը։
Իր հերթին Արթուր Սերոբյանն անդրադարձել է ֆուտբոլիստների տրամադրվածությանը և գոլային պահերի իրացման խնդիրներին, որոնք դրսևորվել էին Կիպրոսի դեմ նախորդ խաղում (1:1)։
Արթուր Սերոբյան. «Հայաստանի հավաքականի կազմում յուրաքանչյուր հանդիպում հսկայական նշանակություն ունի»
— Հաշվի առնելով, որ Հայաստանի հավաքականն ամեն դեպքում խմբում զբաղեցնելու է երրորդ տեղը, ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար վաղվա հանդիպումը Լատվիայի դեմ։ Ո՞րն է թիմի մոտիվացիան։
— Կարևոր չէ, թե որ տեղն ենք զբաղեցնում։ Ազգային հավաքականի կազմում յուրաքանչյուր հանդիպում՝ լինի պաշտոնական, թե ընկերական, հսկայական նշանակություն ունի։ Մենք միշտ խաղադաշտ ենք դուրս գալիս հաղթելու համար։ Մեզ համար յուրաքանչյուր խաղ շատ կարևոր է։
— Կիպրոսի դեմ վերջին խաղում թիմը բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց, սակայն չկարողացավ դրանք իրացնել։ Ի՞նչն է հատկապես պակասում հավաքականին դրական արդյունքի հասնելու համար։
— Չեմ կարծում, թե մեզ ինչ-որ բան է պակասում։ Սա ֆուտբոլ է. կարելի է բազմաթիվ պահեր ստեղծել, բայց չիրացնել դրանք, իսկ կարելի է նաև օգտագործել հնարավորությունները։ Կիպրոսի դեմ հանդիպումը, ինչպես և նախորդ խաղերը, ցույց տվեց, որ մեր թիմն ունի խաղի ընկալում, սեփական խաղաոճ և որակ։ Կարծում եմ՝ բոլորը դա տեսան։
Իհարկե, վերջին խաղում գուցե մի փոքր չհաջողվեց գոլային պահերի իրացման հարցում, բայց ֆուտբոլն այդպիսին է։ Այժմ պատրաստվում ենք վաղվա հանդիպմանը, որը մեզ համար շատ կարևոր է։
— Ինչպիսի՞ տրամադրություն է տիրում թիմում Լատվիայի դեմ խաղից առաջ։
— Տրամադրությունը հիանալի է։ Կիպրոսի դեմ հանդիպումից հետո փորձել ենք վերականգնվել, և դեռ մի փոքր ժամանակ ունենք։ Վաղը խաղադաշտում կներդնենք մեր բոլոր ուժերը։
Եղիշե Մելիքյան. «Մենք ցանկանում ենք հավաքականում ձևավորել հաղթողի հոգեբանություն»
— Անձամբ ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի վաղվա հանդիպումը՝ հաշվի առնելով, որ մրցաշարային առումով այն այլևս ոչինչ չի որոշում։
— Սա շատ կարևոր խաղ է մեզ համար։ Մենք պետք է մտածենք ոչ միայն երեք միավորի, այլև մեր երիտասարդ թիմի ապագայի մասին։ Մեզ անհրաժեշտ է կայունություն ձեռք բերել և ձևավորել հաղթողի հոգեբանություն, որը հավաքականին երկար տարիներ պակասել է։
Մենք ցանկանում ենք ձևավորել հաղթական ոգի, զգալ հաղթանակի համը։ Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ Ռիգայում հաղթելը շատ դժվար է լինելու։ Լատվիան սեփական հարկի տակ լավ է խաղում և միշտ լուրջ դժվարություններ է ստեղծում մրցակիցների համար։
— Ինչպե՞ս եք ֆուտբոլիստներին մոտիվացրել հաղթանակի հասնելու մի խաղում, որն այլևս մրցաշարային նշանակություն չունի։
— Նախևառաջ, մեր թիմում մրցակցություն կա։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է հասկանա, որ ցանկացած խաղում անհրաժեշտ է ցույց տալ իր առավելագույնը, որպեսզի չկորցնի տեղը կազմում։
Երկրորդ՝ մենք ներկայացնում ենք մեր երկիրը։ Կան նաև բազմաթիվ այլ գործոններ, ուստի, իմ կարծիքով, մենք չենք կարող մոտիվացիայի պակաս ունենալ։
Մրցաշարային խնդրի բացակայությունը որևէ կերպ չի ազդի հաղթելու մեր ցանկության վրա։
— Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում Հայաստանի հավաքականը չհասավ այն արդյունքներին, որոնք ակնկալում էին երկրպագուները։ Ձեր կարծիքով՝ ո՞րն էր անհաջող ելույթի հիմնական պատճառը՝ ռեսուրսների պակա՞սը, խաղի որա՞կը, թե՞ ֆուտբոլիստների մակարդակը։
— Ես սա ձախողում չեմ համարում և ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել դա։ Եթե ես ստանձնած լինեի արդեն ձևավորված, պատրաստ թիմի ղեկը, ապա նման արդյունքը կարելի կլիներ անհաջողություն անվանել։ Սակայն մենք որոշակի խնդիրներ ունեինք, և հավաքականը գտնվում էր նոր թիմի ձևավորման փուլում։
Թիմ կառուցելը գործընթաց է, որը ժամանակ է պահանջում։ Այո, մեզ չհաջողվեց հասնել ցանկալի արդյունքներին, եղան անհաջող հանդիպումներ։ Բայց ես սա ձախողում չեմ համարում։
Երբ վերլուծում եմ մեր աշխատանքը, տեսնում եմ, որ շատ բան ճիշտ ենք արել, որոշակի առաջընթաց ենք գրանցել և շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։
Այո, մենք անհաջողություններ ենք ունեցել, բայց սա ձախողում չէ։