Յայա Տուրեն կարող է դառնալ «Սլովանում» Տիգրան Բարսեղյանի նոր գլխավոր մարզիչը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Մանչեսթեր Սիթիի» և Կոտ դ’Իվուարի հավաքականի լեգենդար նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն կարող է սկսել իր ինքնուրույն մարզչական կարիերան սլովակյան «Սլովանում», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին ավագ Տիգրան Բարսեղյանը։
Լրագրող Մատեո Մորետոյի տեղեկություններով՝ Տուրեն մեկ քայլի վրա է «Սլովան Բրատիսլավայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց։ Սլովակյան լրատվամիջոցները նույնպես հայտնում են, որ իվուարցու անունը ակումբի թափուր պաշտոնի գլխավոր թեկնածուների շարքում է։
«Սլովանի» գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնացել Վլադիմիր Վայսի հեռանալուց հետո, ով վերադարձել է Սլովակիայի հավաքականի հետ աշխատանքի։ Հենց Վայսի գլխավորությամբ բրատիսլավյան ակումբը պահպանել է իր գերակայությունը ներքին առաջնությունում և պարբերաբար հանդես է եկել եվրագավաթներում։
Յայա Տուրեի համար «Սլովանում» հնարավոր նշանակումը կդառնա առաջին նշանակալի ինքնուրույն աշխատանքը հիմնական թիմի գլխավոր մարզչի կարգավիճակում։ Ավելի վաղ նա աշխատել է մարզչական շտաբներում, այդ թվում՝ եղել է Ռոբերտո Մանչինիի օգնականը Սաուդյան Արաբիայի հավաքականում։
Հայ երկրպագուների համար այս լուրը առանձնահատուկ հետաքրքրություն ունի Տիգրան Բարսեղյանի պատճառով։ Հայաստանի հավաքականի նախկին ավագը շարունակում է հանդես գալ «Սլովանի» կազմում և բրատիսլավյան ակումբի հետ արդեն հինգ անգամ դարձել է Սլովակիայի չեմպիոն։ Հայ կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Այժմ ինտրիգը ոչ միայն այն է, թե արդյոք Տուրեն կդառնա «Սլովանի» նոր մարզիչը, այլ նաև այն, թե ինչպես կփոխվի Բարսեղյանի դերը թիմում նոր գլխավոր մարզչի օրոք։ Իսկ թե «Մանչեսթեր Սիթիի» լեգենդը թույլ կտա՞ հայ ֆուտբոլիստին շարունակել իր ավանդական այցը McDonald’s, ինչպես դա անում էր Վլադիմիր Վայսը, առայժմ հայտնի չէ։