Գյումրիում վերսկսվել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարությունը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Գյումրիում պաշտոնապես վերսկսվել են օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքները։ Նախագծի վերագործարկման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, պետական կառույցների ներկայացուցիչներ, մարզիկներ և անձամբ Արթուր Ալեքսանյանը։
Ապագա մարզահամալիրը կդառնա երկրի խոշորագույն մասնագիտացված մարզական օբյեկտներից մեկը։ Նախագիծը նախատեսում է ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծում մանկապատանեկան սպորտի զարգացման և միջազգային մակարդակի մրցաշարերի անցկացման համար։ Համալիրի տարածքում կգործեն ըմբշամարտի, մարտարվեստների և թիմային մարզաձևերի համար նախատեսված մեծ մարզման և մրցումային դահլիճներ, ֆուտբոլի խաղադաշտ, աթլետիկայի վազքուղի, լողավազան, մարզիկների համար նախատեսված հյուրանոցային հատված և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ նախագիծը վերամշակվել է՝ հաշվի առնելով շինարարական տեխնիկական առանձնահատկություններն ու աշխատանքների որակին ներկայացվող պահանջները։ Նա ընդգծել է, որ ապագա մարզադպրոցը պետք է համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին և դառնա մարզական կյանքի կենտրոն ոչ միայն Արթուր Ալեքսանյանի ավանդույթները շարունակող երիտասարդ ըմբիշների, այլև տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների համար։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ շինարարության ավարտի համար ներգրավվել է նոր կապալառու կազմակերպություն։ Նախատեսվում է, որ աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն երկու տարվա ընթացքում։ Նրա խոսքով՝ համալիրն իր տեսակի մեջ եզակի կառույց կլինի Հայաստանում և հնարավորություն կտա հյուրընկալել ոչ միայն ազգային մրցաշարեր, այլև խոշոր միջազգային մրցումներ, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններ։
«Այս նախագիծը բացառիկ հնարավորություն է ստեղծում Գյումրին դարձնելու երկրի գլխավոր մարզական կենտրոններից մեկը։ Միևնույն ժամանակ այն նոր հեռանկարներ կբացի մանկապատանեկան սպորտի զարգացման և երեխաներին համակարգված ֆիզիկական ակտիվության մեջ ներգրավելու համար», — նշել է նախարարը։
Արթուր Ալեքսանյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ համալիրի ենթակառուցվածքները լիովին կհամապատասխանեն աշխարհի ամենաբարձր չափանիշներին։ Օլիմպիական չեմպիոնը նշել է, որ պատրաստ է կիսվել իր փորձով և գիտելիքներով, որպեսզի նոր մարզական կենտրոնը դառնա ապագա չեմպիոնների պատրաստման վայր և նպաստի երիտասարդության շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության աճին։
Նշենք, որ ժամանակակից մարզական ենթակառուցվածքների զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Վերջին շրջանում մեկնարկել են նաև Մալխասի և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի, Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր շենքի, ինչպես նաև բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի կառուցման նախագծերը։



Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0