Արտյոմ Գրիգորյանը հրաձգության աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 20-րդ տեղը և չի նվաճել օլիմպիական ուղեգիր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նոյեմբերի 3-ին հայ հրաձիգ Արտյոմ Գրիգորյանը մասնակցել է Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող հրաձգության 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Տղամարդկանց 10 մետր օդամղիչ հրացանով հրաձգության որակավորման փուլում Հայաստանի ներկայացուցիչը 629,5 միավորով զբաղեցրել է 20-րդ տեղը։
Գրիգորյանին չի հաջողվել դուրս գալ եզրափակիչ փուլ, որտեղ պայքարը շարունակում են լավագույն ութ մասնակիցները։ Եզրափակիչ անցնելու համար անհրաժեշտ էր հավաքել առնվազն 632,2 միավոր։ Այսպիսով, հայ մարզիկին պակասել է 2,7 միավոր։
10 մետր օդամղիչ հրացանով հրաձգությունն ընդգրկված է Օլիմպիական խաղերի ծրագրում։ Դոհայում անցկացվող աշխարհի առաջնությունում այս մրցաձևում խաղարկվել են Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի Օլիմպիական խաղերի առաջին ուղեգրերը։ Մրցումների արդյունքում Գրիգորյանին չի հաջողվել Հայաստանի համար օլիմպիական ուղեգիր նվաճել։
Աշխարհի չեմպիոն է դարձել չինացի Շեն Լիհաոն, որը եզրափակչում հավաքել է 254,1 միավոր։ Արծաթե մեդալը նվաճել է նրա հայրենակից Մա Սիհանը (253,1), իսկ բրոնզե մեդալին արժանացել է խորվաթ Միրան Մարիչիչը (229,9)։
Այս մրցաձևում առաջին օլիմպիական ուղեգրերը բաժին են հասել Չինաստանին, Խորվաթիային և Սլովակիային։
Հիշեցնենք, որ Դոհայում հրաձգության աշխարհի առաջնությունն անցկացվում է նոյեմբերի 1-ից 14-ը։ Մրցաշարում ընդհանուր առմամբ խաղարկվելու է 2028 թվականի Օլիմպիական խաղերի 36 ուղեգիր։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0