Ստեփան Սարգսյանի գավաթի խաղարկությունը կանցկացվի Երևանում. մեդալների համար կպայքարեն 15 երկրների 181 ըմբիշներ։
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 10-ից 13-ը Երևանում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի Ստեփան Սարգսյանի անվան 26-րդ միջազգային մրցաշարը։ Մրցաշարը կհավաքի ուժեղ կազմ․ սպասվում է 15 երկիր ներկայացնող 181 մարզիկի մասնակցություն։
Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, տնային մրցաշարին կմասնակցեն գրեթե բոլոր ուժեղագույն հայ ըմբիշները։ Մասնակիցների թվում են Վազգեն Թևանյանն ու Արման Անդրեասյանը։
Հայաստանի ներկայացուցիչներին լուրջ մրցակցություն կկազմեն տիտղոսակիր արտասահմանցի մարզիկները։ Երևանում կմրցեն աշխարհի չեմպիոն Զահիդ Վալենսիան (ԱՄՆ), աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Աբասգաջի Մագոմեդովը (Ռուսաստան), Եվրոպայի չեմպիոն Իբրահիմ Իբրահիմովը (Ռուսաստան) և մի շարք այլ հայտնի ըմբիշներ։
26-րդ միջազգային մրցաշարի կազմակերպման և անցկացման համար Հայաստանի կառավարությունը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային կհատկացնի ավելի քան 25 միլիոն դրամ։
Կազմակերպիչները նախատեսել են նաև դրամական մրցանակային ֆոնդ։ Յուրաքանչյուր քաշային կարգի հաղթողը կստանա 2000 դոլար, արծաթե մեդալակիրը՝ 1000 դոլար, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 500 դոլար։
Մրցաշարի մեկնարկային գոտեմարտերը կկայանան սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ից։ Պաշտոնական բացման արարողությունն ու եզրափակիչ գոտեմարտերի առաջին հատվածը նախատեսված են սեպտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ից։ Եզրափակիչների երկրորդ հատվածը կանցկացվի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ից։
Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարն առանձնահատուկ նշանակություն ունի հայկական ըմբշամարտի համար։ Այն Հայաստանում անցկացվող ըմբշամարտի միակ մրցաշարն է, որն ընդգրկված է Ըմբշամարտի միավորված աշխարհի (UWW) պաշտոնական օրացույցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել մրցաշարին մասնակցող ԱՄՆ հավաքականի կազմը։ Ամերիկյան թիմի գլխավոր աստղերից մեկը կլինի աշխարհի չեմպիոն Զահիդ Վալենսիան։
Ստեփան Սարգսյանի անվան 26-րդ գավաթը կդառնա 2026 թվականին Հայաստանում անցկացվող խոշորագույն միջազգային ըմբշամարտի մրցաշարերից մեկը։