Արշակ Կորյանը խփեց իր երրորդ գոլը մրցաշրջանում և օգնեց «ՍԿԱ-Խաբարովսկին» ջախջախել «Ենիսեյին»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Արշակ Կորյանը գոլի հեղինակ դարձավ Ռուսաստանի Առաջին լիգայի 2026/27 մրցաշրջանի 15-րդ տուրի խաղում, որում «ՍԿԱ-Խաբարովսկը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթանակ տարավ Կրասնոյարսկի «Ենիսեյի» նկատմամբ՝ 3:0։
Հանդիպումը կայացավ հոկտեմբերի 24-ին Խաբարովսկում։ Արդեն 14-րդ րոպեին Կորյանը բացեց խաղի հաշիվը՝ հաջողությամբ գործելով Նիկիտա Մոցպանի արգելափակված հարվածից հետո։ Հայ ֆուտբոլիստն առաջինը հասավ անդրադարձած գնդակին և այն ուղարկեց հյուրերի դարպասը։
34-րդ րոպեին Կորյանը կարող էր դուբլ ձևակերպել, սակայն տուգանային հրապարակից դուրս կատարած նրա հարվածից հետո գնդակը փոքր-ինչ բարձր անցավ դարպասի վերին հորիզոնականից։
Երկրորդ խաղակեսում Խաբարովսկի թիմն ամրապնդեց իր առավելությունը։ 78-րդ րոպեին Եգոր Նոսկովը կրկնապատկեց հաշիվը, իսկ 84-րդ րոպեին Եգոր Մոսինը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը՝ 3:0։
30-ամյա Արշակ Կորյանի համար այս գոլը երրորդն էր Ռուսաստանի Առաջին լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը երեք գոլով «ՍԿԱ-Խաբարովսկի» լավագույն ռմբարկուների ցուցակում առաջին տեղը կիսում է Նիկիտա Մոցպանի հետ, որն իր ակտիվում նույնպես երեք գնդակ ունի։