Թոմաս Ադորյանը հաղթական գոլ է խփել «Բանֆիլդի» կազմում՝ աչքի ընկնելով երկրորդ անընդմեջ խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
25-ամյա հայ կիսապաշտպան Թոմաս Ադորյանը շարունակում է աչքի ընկնել արդյունավետ խաղով Արգենտինայի Կլաուսուրայում։ «Բանֆիլդի» ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ է խփել «Տիգրեի» դարպասը, որն արդյունքում հաղթական է դարձել իր թիմի համար՝ 2։1։
Ադորյանը հիանալի հարվածով առաջ է մղել «Բանֆիլդին» և օգնել թիմին կարևոր հաղթանակ տանել։ Հայ կիսապաշտպանի համար այս գոլը դարձել է երկրորդն անընդմեջ Արգենտինայի առաջնությունում և երրորդը՝ վերջին չորս խաղերում՝ բոլոր մրցաշարերը միասին վերցրած։ Երկու գոլ նա խփել է Կլաուսուրայում, ևս մեկը՝ Արգենտինայի գավաթի խաղարկությունում։
«Տիգրեի» դեմ խաղում Ադորյանը խաղադաշտում անցկացրել է բոլոր 90 րոպեները և SofaScore-ի վարկածով ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով 7,7 գնահատական։
Թոմաս Ադորյանի վիճակագրությունը «Տիգրեի» դեմ խաղում.
-
Խաղաժամանակ՝ 90 րոպե
-
Գոլեր՝ 1
-
Հարվածներ՝ 4 (xG՝ 0,17)
-
Առանցքային փոխանցումներ՝ 1
-
Ճշգրիտ փոխանցումներ՝ 15 (71%)
-
Հաջող խլումներ՝ 2
-
Գնդակի հեռացումներ՝ 4
-
Հաղթած մենապայքարներ՝ 3-ը 9-ից
-
SofaScore-ի գնահատական՝ 7,7
Ադորյանը կարող է հրավիրվել Հայաստանի հավաքական
25-ամյա կիսապաշտպանի հաջող ելույթներն առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի վերջին հայտարարությունների ֆոնին։
Ավելի վաղ ազգային թիմի գլխավոր մարզիչը հայտնել էր, որ դիտարկում է Թոմաս Ադորյանին հրավիրելու հնարավորությունը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի նոյեմբերյան հանդիպումներին։
Հայաստանի հավաքականում առկա կադրային խնդիրների և հարձակման եզրերում լրացուցիչ տարբերակների որոնման պայմաններում Ադորյանը կարող է հետաքրքիր համալրում դառնալ Մելիքյանի թիմի համար։
Չորս խաղում երեք գոլը և Արգենտինայի առաջնության երկու անընդմեջ հանդիպումներում արդյունավետ ելույթները Թոմասին դարձնում են նոյեմբերին ազգային հավաքական հրավիրվելու ուշագրավ թեկնածուներից մեկը։
Նախկինում նա Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է ընդամենը երկու ընկերական հանդիպում՝ 2025 թվականին։