Տիգրան Կիրակոսյանն ու Եվա Խլղաթյանը դուրս են եկել բռնցքամարտի Եվրոպայի Մ19 առաջնության քառորդ եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Տիգրան Կիրակոսյանն ու Եվա Խլղաթյանը դուրս են եկել Սերբիայի Լոզնիցա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի Մ19 երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ։
Մրցումային երրորդ օրը մինչև 50 կգ քաշային կարգում հանդես եկող Կիրակոսյանը համառ մենամարտում հաղթեց Սերբիայի ներկայացուցիչ Պավլե Պոպովիչին՝ մրցավարների բաժանված որոշմամբ՝ 3:2։
Կանանց մրցաշարում Եվա Խլղաթյանը (54 կգ) վստահ հաղթանակ տարավ Բելառուսը ներկայացնող Սոֆյա Օրլովայի նկատմամբ՝ 5:0։ Այս երկու հաղթանակների շնորհիվ հայ բռնցքամարտիկները դուրս եկան Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչները, որոնք մրցաշարի երրորդ օրը դուրս էին եկել ռինգ, ավարտեցին իրենց ելույթները։
Մինչև 85 կգ քաշային կարգում Տիգրան Սարգսյանը երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվեց հունգարացի Գյուլա Բոզային։ Վարդան Ավետիսյանը (90 կգ) նույնպես երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտություն կրեց լատվիացի Մարկուսս Բերկեից։
90 կգ-ից բարձր քաշային կարգում Արամ Թումանյանը առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվեց ռուսաստանցի Իվան Բայբակովին։
Սյուզաննա Իշխանյանը (50 կգ) մրցավարների միաձայն որոշմամբ՝ 0:5 հաշվով, պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Ազրա Նուր Չեթինին։
Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում են նաև Սուրեն Կատվալյանը (65 կգ), Սամվել Սիրամարյանը (80 կգ), Վահրամ Դովլաթբեկյանը (55 կգ), Անահիտ Հարությունյանը (57 կգ) և Էլեն Պապայանը (60 կգ)։