Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի ընդհանուր փուլի 29 մասնակիցները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի են դարձել 29 ակումբներ, որոնք արդեն ապահովել են իրենց մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի ընդհանուր փուլում։ Ընդհանուր առմամբ, մրցաշարի հիմնական փուլում, ինչպես վերջին տարիների նոր ձևաչափով, կմասնակցի 36 թիմ։
Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում ամենաշատ ներկայացուցիչներ կունենան Անգլիան և Իսպանիան՝ յուրաքանչյուրից հինգական ակումբ։ Երկու ասոցիացիաներն էլ լրացուցիչ տեղեր են ստացել 2025/26 մրցաշրջանի եվրագավաթներում իրենց թիմերի հաջող ելույթների շնորհիվ։ ՈւԵՖԱ-ն ավելի վաղ հաստատել էր, որ հենց Անգլիան և Իսպանիան են վաստակել European Performance Spots՝ ընդհանուր փուլում մասնակցելու լրացուցիչ ուղեգրեր։
Անգլիան Չեմպիոնների լիգայում կներկայացնեն «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ասթոն Վիլան» և «Լիվերպուլը»։ Իսպանիայի ներկայացուցիչները կլինեն «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», «Վիլյառեալը», «Ատլետիկոն» և «Բետիսը»։
Իտալիան և Գերմանիան մրցաշարում կունենան չորսական ներկայացուցիչ։ Իտալական ֆուտբոլի համար գլխավոր իրադարձություններից մեկը դարձել է «Կոմոյի» մուտքը Չեմպիոնների լիգա. թիմը տեղ է զբաղեցրել Ա Սերիայի լավագույն քառյակում և առաջին անգամ ստացել գլխավոր եվրագավաթային մրցաշարին մասնակցելու ուղեգիր։
Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի ընդհանուր փուլի մասնակիցները
| Երկիր | Ակումբներ |
|---|---|
| Անգլիա | «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ասթոն Վիլա», «Լիվերպուլ» |
| Իսպանիա | «Բարսելոնա», «Ռեալ», «Վիլյառեալ», «Ատլետիկո», «Բետիս» |
| Իտալիա | «Ինտեր», «Նապոլի», «Ռոմա», «Կոմո» |
| Գերմանիա | «Բավարիա», Դորտմունդի «Բորուսիա», «Լայպցիգ», «Շտուտգարտ» |
| Ֆրանսիա | ՊՍԺ, «Լանս», «Լիլ» |
| Նիդերլանդներ | ՊՍՎ, «Ֆեյենորդ» |
| Պորտուգալիա | «Պորտու», «Սպորտինգ» |
| Բելգիա | «Բրյուգե» |
| Չեխիա | «Սլավիա» |
| Թուրքիա | «Գալաթասարայ» |
| Ուկրաինա | «Շախտյոր» |
Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի մնացած յոթ ուղեգրերը կխաղարկվեն որակավորման փուլերում։ ՈւԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ հինգ տեղ կստանան չեմպիոնների ուղու հաղթողները, ևս երկուսը՝ լիգաների ներկայացուցիչների ուղու հաղթողները։
Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի հիմնական փուլը կմեկնարկի 2026 թվականի սեպտեմբերի 8-ին և կավարտվի 2027 թվականի հունվարի 27-ին։ Մրցաշարի եզրափակիչը նախատեսված է 2027 թվականի հունիսի 5-ին և կկայանա Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 30-ին՝ ՊՍԺ — «Արսենալ» եզրափակիչ խաղում։ Հանդիպումը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։