Սպերցյանը միանձնյա բարձրացավ Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուների ցուցակի 4-րդ հորիզոնական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի և Ղազախստանի հավաքականների միջև ընկերական հանդիպումը հիշարժան դարձավ ոչ միայն ոչ-ոքի արդյունքով՝ 1:1, այլև ազգային թիմի մի քանի ֆուտբոլիստների համար կարևոր վիճակագրական իրադարձություններով։
Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ Էդուարդ Սպերցյանը։ Հայաստանի հավաքականի ավագը հեռահար գեղեցիկ հարվածով գոլ խփեց և փրկեց թիմին պարտությունից։ Այս գոլը Սպերցյանի համար արդեն 12-րդն էր ազգային հավաքականի կազմում։ Դրա համար կիսապաշտպանին անհրաժեշտ է եղել 41 հանդիպում։
Ղազախստանի դարպասը գրավելու շնորհիվ Սպերցյանը միանձնյա բարձրացավ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի 4-րդ հորիզոնական։ Մինչ այդ նա այդ դիրքը կիսում էր Արթուր Պետրոսյանի և Մարկոս Պիզելիի հետ։
Հենրիխ Մխիթարյան — 32
Յուրա Մովսիսյան — 14
Գևորգ Ղազարյան — 14
Էդուարդ Սպերցյան — 12
Առանձին արժե նշել նաև մի քանի ֆուտբոլիստների հոբելյանական հանդիպումները։ Գեորգի Հարությունյանն ու Նաիր Տիկնիզյանն անցկացրին իրենց 30-րդ խաղերը Հայաստանի հավաքականի կազմում, իսկ Հրանտ-Լեոն Ռանոսը՝ 25-րդ հանդիպումը։
Հետաքրքիր է, որ երեքն էլ ազգային թիմում սկսել են հանդես գալ 2023 թվականին՝ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։ Այդ ընթացքում նրանք հասցրել են դառնալ հավաքականի կարևոր ֆուտբոլիստներ և այժմ այն խաղացողների թվում են, որոնց վրա թիմը կարող է հույս դնել առաջիկա տարիներին։
Մեկ այլ կարևոր պահ էր Կառլեն Հովհաննիսյանի առաջին ելույթը Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում։ Երիտասարդ կիսապաշտպանը հնարավորություն ստացավ վնասվածք ստացած Ուգոչուկվու Իվուի բացակայության ֆոնին և բավական վստահ օգտվեց այդ շանսից։
Կառլենը լավ փակեց իր դիրքը դաշտի կենտրոնում, հազվադեպ էր սխալվում և մի քանի անգամ օգնեց թիմին առաջ մղել գրոհները։ Ավելին՝ Հովհաննիսյանը կարող էր իր առաջին ելույթը մեկնարկային կազմում նշել նաև գոլով, սակայն դրվագներից մեկում նրա հարվածը անցավ դարպասաձողի կողքով։
Հավաքական վերադարձավ նաև Դավիթ Դավիդյանը։ Նրա համար սա ազգային թիմի կազմում առաջին հանդիպումն էր 2024 թվականի հունիսից հետո։ Նախկինում Դավիդյանը հավաքականում ավելի հաճախ օգտագործվում էր պաշտպանությունում, սակայն Ղազախստանի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ արդեն հարձակողական դերում։