Սպերցյանը «Ալ-Ահլիի» կազմում նորամուտից առաջ․ «Ես այստեղ եմ՝ հնարավորինս շատ տիտղոսներ նվաճելու համար»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Էդուարդ Սպերցյանը պատրաստվում է անցկացնել իր առաջին պաշտոնական հանդիպումը «Ալ-Ահլիի» կազմում։ Պրո լիգայի առաջին տուրում հայ կիսապաշտպանի թիմը կհանդիպի «Ալ-Դիրիայի» հետ։
Մրցակցի կազմում հանդես են գալիս մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Գաետան Լաբորդը, Բերատ Ջիմսիթին, Իդրիսա Գեյեն և Շանսել Մբեմբան։
Էր Ռիադ մեկնելուց առաջ Հայաստանի հավաքականի ավագը կարճ հարցազրույց է տվել ակումբի ալիքին։ Սպերցյանը պատմել է նոր թիմից ստացած առաջին տպավորությունների մասին, նշել «Ալ-Ահլիի» երկրպագուների հսկայական բանակը և ընդգծել, որ ակումբ է եկել հաղթանակների ու տիտղոսների համար։
26-ամյա ֆուտբոլիստի վրա հատկապես մեծ տպավորություն են թողել երկրպագուները։
«Երբ ես տեսա որոշ հանդիպումներ և տեսանյութեր, շատ զարմացա երկրպագուների հսկայական քանակից։ Ես հասկանում եմ, թե որքան կարևոր է դա ակումբի համար։ Մենք կանենք ամեն ինչ, քրտնաջան կաշխատենք, կհաղթենք և նրանց հետ միասին կտոնենք հաղթանակները»,- ասել է Սպերցյանը։
Հայ կիսապաշտպանը նաև նշել է Սաուդյան Արաբիայի առաջնության բարձր մակարդակը և ընդգծել, որ թիմը պետք է պատրաստ լինի լուրջ մրցակցության բոլոր մրցաշարերում։
«Սա բարդ առաջնություն է, և ես դա գիտեմ։ Այդ պատճառով մենք պետք է լավ պատրաստվենք և շատ աշխատենք։ Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր մրցաշարերին։ Մեր նպատակն է հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել»,- հայտարարել է Էդուարդը։
Սպերցյանը ջերմ խոսքեր է ասել նաև իր նոր թիմում տիրող մթնոլորտի մասին։
«Երբ առաջին անգամ հանդիպեցի ֆուտբոլիստներին, զգացողությունները հիանալի էին։ Այստեղ հրաշալի մթնոլորտ է, բոլորը շփվում են ընկերների պես։ Դա շատ կարևոր է, և ես իսկապես երջանիկ եմ այստեղ գտնվելու համար»։
Հայաստանի հավաքականի ավագը նաև առանձին խոսել է «Ալ-Ահլիի» երկրպագուների հետ առաջիկա առաջին հանդիպման մասին։
«Ես անհամբեր սպասում եմ դրան։ Իհարկե, ցանկանում եմ տեսնել մեր երկրպագուներին։ Ես այս ակումբին կտամ այն ամենը, ինչ ունեմ»։
Սպերցյանն ընդգծել է, որ շատ լավ հասկանում է ակումբի մեծությունն ու նրա բազմահազար երկրպագուների սպասելիքները։
«Ես գիտեմ, որ սա մեծ ակումբ է՝ երկրպագուների հսկայական բանակով։ Ֆուտբոլում դա շատ կարևոր է։ Երբ թիմն այսքան շատ երկրպագու ունի, դա յուրահատուկ բան է։ Ես այստեղ եմ՝ հնարավորինս շատ տիտղոսներ նվաճելու և իմ ընտանիքին ու «Ալ-Ահլիի» երկրպագուներին երջանկացնելու համար»։
Նոր ակումբում Սպերցյանը հանդես կգա 8 համարի մարզաշապիկով։ Իր ընտրությունը նա պարզ է բացատրել․ Էդուարդը Հայաստանի հավաքականի կազմում նույնպես խաղում է 8 համարի ներքո։
Այժմ հայ կիսապաշտպանին սպասվում է առաջին պաշտոնական փորձությունը «Ալ-Ահլիի» մարզաշապիկով՝ Պրո լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային հանդիպումը։