«Սպարտան» խնդիրներով ժամանեց Երևան. ի՞նչ է կատարվում «Արարարտ-Արմենիայի» մրցակցի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Պրահայի «Սպարտան» Եվրոպայի լիգայի մեկնարկային՝ «Արարատ-Արմենիայի» դեմ հանդիպմանը մոտենում է ոչ լավագույն վիճակում։ Երևան մեկնելուց առաջ չեխական ակումբը բախվել է կադրային կորուստների ու անկայուն արդյունքների, իսկ գլխավոր մարզիչ Բրայան Պրիսկեի շուրջ լուրեր են տարածվել հնարավոր հեռանալու մասին։
Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի գլխավոր թեմաներից մեկը դանիացի մասնագետի ապագան էր։ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզչի պաշտոնանկությունից հետո Պրիսկեն նշվում էր Բունդեսլիգայի ակումբի հնարավոր թեկնածուների թվում։
«Սպարտայի» գլխավոր մարզիչն ինքը հրաժարվել է մեկնաբանել գերմանական ակումբի հետ հնարավոր շփումների մասին տեղեկությունը՝ ընդգծելով, որ երկարաժամկետ պայմանագիր ունի և կենտրոնացած է Պրահայում իր աշխատանքի վրա։ Ավելի ուշ գերմանական ԶԼՄ-ները հայտնեցին, որ «Բորուսիան» Պրիսկեի հետ բանակցություններ չի վարում։
«Սպարտան» այնքան էլ հաջող չի սկսել նաև Չեխիայի նոր առաջնությունը։ Ութ տուրից հետո թիմը վաստակել է 12 միավոր՝ գրանցելով չորս հաղթանակ և չորս պարտություն։ Ակումբի համար, որն ավանդաբար պայքարում է չեմպիոնության համար, նման մեկնարկը դժվար է գոհացուցիչ համարել։
Պրահայի թիմին չի հաջողվել նաև դուրս գալ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ։ Որակավորման երրորդ փուլում «Սպարտան» հանդիպել է «Լիոնի» հետ։ Տանը չեխական թիմը 2:1 հաշվով հաղթել է զգալի կորուստներով հանդես եկող ֆրանսիական թիմին, սակայն պատասխան խաղում պարտվել է 0:3 հաշվով և երկու հանդիպումների արդյունքում զիջել 2:4 ընդհանուր հաշվով։ Դրանից հետո «Սպարտան» եվրագավաթային մրցաշրջանը շարունակել է Եվրոպայի լիգայում։
Պրիսկեի թիմում նաև լուրջ կադրային խնդիրներ կան։ Երևանում հաստատ չի խաղա կենտրոնական պաշտպան Ադամ Շևինսկին, որը որակազրկվել է «Լիոնի» դեմ խաղում ստացած հեռացումից հետո։ Վերջերս ստացած վնասվածքի պատճառով Պրահայում է մնացել նաև Կի-Յանա Հուվերը։
Վնասվածքներից շարունակում են վերականգնվել Մագնուս Կոֆոդ Անդերսենը և Էմանուել Ուչեննան, որոնք չեն ընդգրկվել «Սպարտայի»՝ Եվրոպայի լիգայի լիգային փուլի հայտացուցակում։ Վերջին շրջանում առողջական խնդիրներ են ունեցել նաև Յակուբ Մարտինեցը և Սիվերտ Մաննսվերկը։
Այդուհանդերձ, նույնիսկ այս կորուստների պայմաններում չեխական ակումբի կազմը շարունակում է բավական ուժեղ մնալ։ Ամռանը «Սպարտան» համալրվել է նորվեգացի հարձակվող Յոնաթան Բրաուտ Բրյունեսով՝ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի զարմիկով։ Նախորդ երկու մրցաշրջաններում Բրյունեսը բոլոր մրցաշարերում դարձել է 40 գոլի հեղինակ, ինչից հետո տեղափոխվել է Պրահա։
Թիմի առաջատարներից մեկը շարունակում է մնալ Ադամ Կարաբեցը, որը «Լիոնում» անցկացրած մեկ մրցաշրջանից հետո վերադարձել է «Սպարտա»։ Ֆրանսիական ակումբի կազմում չեխ ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման՝ խփելով երեք գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։
Պրահայի թիմի կազմում կան նաև ֆուտբոլիստներ, որոնք վերջերս մասնակցել են 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Մասնավորապես, Յարոսլավ Զելենին և Հյուգո Սոչուրեկը մրցաշարում ներկայացրել են Չեխիայի հավաքականը։
«Արարատ-Արմենիայի» համար առաջիկա հանդիպումը հնարավորություն կլինի օգտվելու մրցակցի բարդ շրջանից։ Միևնույն ժամանակ թիմերը լավ են ճանաչում միմյանց. մեկ տարի առաջ «Սպարտան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում պայքարից դուրս թողեց հայկական ակումբին՝ հաղթելով 4:1 Պրահայում և 2:1 Երևանում։
«Արարատ-Արմենիայի» կազմում վնասվածք ունեցող ֆուտբոլիստներից միայն աջ պաշտպան Կամո Հովհաննիսյանն է, սակայն նա արդեն պետք է վերականգնված լիներ։ Հիշեցնենք, որ հայկական ակումբի համար սա կլինի նորամուտ Եվրոպայի լիգայում։
Եվրոպայի լիգայի լիգային փուլի առաջին տուրի «Արարատ-Արմենիա» — «Սպարտա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:45-ին։