SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Լուկաս Սելարայանը շոու կազմակերպեց Արգենտինայում․ գոլ, ասիստ և հաղթանակ «Ռասինգի» նկատմամբ


Լուկաս Սելարայանը շոու կազմակերպեց Արգենտինայում․ գոլ, ասիստ և հաղթանակ «Ռասինգի» նկատմամբ
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը դարձավ Արգենտինայի առաջնության (Կլաուսուրա-2026) 12-րդ տուրի հանդիպման գլխավոր հերոսը, որում «Բելգրանոն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ռասինգին»։ Հյուրերի ավագը խփեց առաջին գոլը և գոլային փոխանցում կատարեց Ֆրանկո Վասկեսին՝ SofaScore-ից ստանալով հանդիպման բոլոր մասնակիցների շրջանում ամենաբարձր՝ 8,5 գնահատականը։

41-րդ րոպեին Սելարայանը գեղեցիկ կոմբինացիա խաղարկեց Լուկաս Պասերինիի հետ, տուգանային հրապարակի մատույցներում ստացավ պատասխան փոխանցումը և ձախ ոտքի դիպուկ հարվածով գնդակը դարպասաձողից ուղարկեց ցանցը։

Հանդիպման վերջնամասում հայ ֆուտբոլիստը կրկին հայտնվեց իրադարձությունների կենտրոնում։ Այս անգամ նա հանդես եկավ փոխանցում կատարողի դերում՝ կոմբինացիա խաղարկելով Ֆրանկո Վասկեսի հետ, որն էլ ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 2:0։

Լուկաս Սելարայանի վիճակագրությունը «Ռասինգի» դեմ խաղում

Սելարայանն անցկացրեց մրցաշրջանի իր լավագույն հանդիպումներից մեկը՝ աչքի ընկնելով ոչ միայն արդյունավետ գործողություններով, այլև հարձակողական խաղի կազմակերպման գործում ունեցած ակտիվ մասնակցությամբ։

  • SofaScore-ի գնահատականը՝ 8,5 — հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

  • Գոլեր՝ 1

  • Գոլային փոխանցումներ՝ 1

  • Հարվածներ՝ 4 (xG՝ 0,18)

  • Չիրացված գոլային պահեր՝ 1

  • Ստեղծած գոլային պահեր՝ 2

  • Առանցքային փոխանցումներ՝ 4 (xA՝ 0,21)

  • Ճշգրիտ փոխանցումներ՝ 21 (68%)

  • Հաջող դրիբլինգ՝ 1-ը 2-ից

  • Խլումներ՝ 1

  • Գնդակի վերադարձներ՝ 3

  • Հաղթած մենապայքարներ՝ 5-ը 12-ից

Ապերտուրա-2026-ում Արգենտինայի չեմպիոն դարձած «Բելգրանոն» շարունակում է պայքարը տարվա երկրորդ տիտղոսի համար։ Ռիկարդո Զելինսկու գլխավորած թիմը Կլաուսուրայի առաջատարների թվում է և «Ռասինգի» նկատմամբ հաղթանակից հետո միավորներով հավասարվել է B խմբի առաջատար թիմերին։

Հաջողության գլխավոր կերտողներից մեկը շարունակում է մնալ թիմի ավագ Լուկաս Սելարայանը, որն իր թիմին առաջնորդում է դեպի նոր նվաճումներ։

Հայ ֆուտբոլիստներն արդյունավետ հանգստյան օրեր անցկացրին Ամերիկայում

Սելարայանի հաջող ելույթը շարունակեց Հյուսիսային և Հարավային Ամերիկայում հայ ֆուտբոլիստների արդյունավետ հանդիպումների տպավորիչ շարքը։

Նախորդ օրը Նորբերտո Բրիասկո-Բալեկյանն իր պրոֆեսիոնալ կարիերայում առաջին անգամ դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով արգենտինական «Բարրակաս Սենտրալին»։ Հայաստանի հավաքականի մեկ այլ հավանական ֆուտբոլիստ՝ Թոմաս Ադորյանը, գոլի հեղինակ դարձավ երկրորդ անընդմեջ խաղում և հաղթանակ ապահովեց «Բանֆիլդի» համար։

Ոչ պակաս տպավորիչ իրադարձություններ տեղի ունեցան ԱՄՆ-ում։ Հարվի Սարաջյանը MLS-ի խաղում Անտուան Գրիզմանի փոխանցումից հետո արդեն 46-րդ վայրկյանին գոլ խփեց «Օռլանդո Սիթիի» կազմում, իսկ Էնդրյու Դարաքչյանը NCAA-ի համալսարանական առաջնությունում Michigan State-ի կազմում աչքի ընկավ գեղեցիկ հաղթական գոլով։

Այսպիսով, ընդամենը մեկ հանգստյան օրերի ընթացքում հայկական ծագում ունեցող հինգ ֆուտբոլիստներ արդյունավետ գործողություններով աչքի ընկան Ամերիկայի առաջնություններում, ընդ որում՝ նրանցից յուրաքանչյուրն անմիջական ներդրում ունեցավ իր թիմի հաղթանակում։

Լուկաս Սելարայանի գոլի տեսանյութը


Telegram Sportaran

Լրացուցիչ նորություններ

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։