Հայաստանի հավաքականն առաջին լիարժեք մարզումն է անցկացրել ամբողջական կազմով Լատվիայի դեմ խաղից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի ազգային հավաքականը լիարժեք մարզում է անցկացրել Ազգերի լիգայի մեկնարկին նախապատրաստվելու շրջանակում։ Հավաքի երկրորդ օրը թիմին միացել են այն ֆուտբոլիստները, որոնք ավելի ուշ էին ավարտել իրենց ակումբների կազմում հանդիպումները։
Ազգային թիմի ճամբար են ժամանել Օգնյեն Չանչարևիչը, Նարեկ Հովհաննիսյանը, Նարեկ Գրիգորյանը, Էդուարդ Սպերցյանը, Նաիր Տիկնիզյանը, Արտյոմ Բանդիկյանը, Էդգար Սևիկյանը, Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը, Կարեն Մուրադյանը, Խուլիո Բուենոն և Արայիկ Էլոյանը։
Հավաքականին միացել է նաև ԲԿՄԱ-ի պաշտպան Արգիշտի Պետրոսյանը, որը լրացուցիչ հրավիրվել է վնասվածք ստացած Ստյոպա Մկրտչյանի փոխարեն։ «Նյուրնբերգի» պաշտպանը սկզբում ընդգրկված էր հավաքականի հայտացուցակում, սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել ժամանել ազգային թիմի ճամբար։
Այսպիսով, Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը շարունակում է նախապատրաստվել Ազգերի լիգայի առաջին տուրում Լատվիայի հավաքականի դեմ հանդիպմանը՝ գրեթե ամբողջ հասանելի կազմով։
Հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը խոսել է նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին և նշել ապագա մրցակցի ուժեղ կողմերը։
«Այսօր անցկացրինք մեր երկրորդ մարզումը։ Բոլոր ֆուտբոլիստներն արդեն թիմի հետ են։ Հասցրել ենք նաև մի քանի տեխնիկական վարժություն կատարել։ Միշտ շատ հաճելի է հավաքական ժամանելը։ Ազգային հավաքականների հանդիպումները լրիվ այլ ֆուտբոլ են՝ համեմատած ակումբայինի հետ. այստեղ այլ նպատակներ, այլ խնդիրներ և այլ մոտիվացիա են։
Լատվիայի դեմ միշտ դժվար է խաղալ՝ թե՛ տանը, թե՛ արտագնա հանդիպումներում։ Նրանք շատ բարձրահասակ ֆուտբոլիստներից կազմված թիմ ունեն», — ասել է Հարությունյանը։
Հայաստանի հավաքականը կշարունակի նախապատրաստվել Երևանում։ Ազգերի լիգայի նոր խաղարկությունում առաջին հանդիպումը Լատվիայի դեմ կկայանա սեպտեմբերի 25-ին Երևանում։
