Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստությունը Ղազախստանի և Մոլդովայի դեմ ընկերական խաղերին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 1-ին սկսել է մարզական հավաքը՝ նախապատրաստվելով հունիսյան ընկերական հանդիպումներին Ղազախստանի և Մոլդովայի հավաքականների դեմ։
Եղիշե Մելիքյանի գլխավորած ազգային թիմն այսօր՝ ժամը 18:00-ին, կանցկացնի առաջին մարզումը։ Հավաքականին արդեն միացել են հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանի։
Գրիգորյանն առայժմ բացակայում է թիմի ճամբարից, քանի որ նախօրեին իր ակումբի կազմում մասնակցել է Ռումինիայի առաջնությունում տեղը պահպանելու համար անցումային փլեյ-օֆֆի հանդիպմանը։ Նրա «Ֆարուլը» կարողացել է մնալ էլիտայում՝ 11-մետրանոց հարվածաշարում հաղթելով «Կինդիա Տիրգովիշտեին»։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի հավաքականի դեմ։ Խաղը տեղի կունենա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։
Երեք օր անց՝ հունիսի 9-ին, Հայաստանի հավաքականը ևս Երևանում կմրցի Մոլդովայի ընտրանու հետ։
Այս հանդիպումները կլինեն Հայաստանի ազգային հավաքականի առաջին խաղերը Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ և կարևոր փուլ կդառնան թիմի համար հաջորդ պաշտոնական հանդիպումներից առաջ։