Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել Ազգերի լիգայի հանդիպումներին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 20-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի խմբային փուլի առաջին հանդիպումներին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հավաքվել է՝ պատրաստվելու Լատվիայի և Չեռնոգորիայի հավաքականների դեմ տնային հանդիպումներին։ Հայաստանի հավաքականի առաջին մարզումը նախատեսված է սեպտեմբերի 20-ին և կմեկնարկի 17:30-ին։
Միևնույն ժամանակ հավաքականը դեռևս ամբողջական կազմով չի աշխատում։ Արտասահմանյան ակումբներում հանդես եկող, ինչպես նաև վերջին օրերին իրենց թիմերի կազմում հանդիպումներ անցկացրած մի շարք ֆուտբոլիստներ հավաքականին կմիանան սեպտեմբերի 21-ին։
Նրանց թվում են՝
- Օգնյեն Չանչարևիչ
- Նարեկ Հովհաննիսյան
- Նարեկ Գրիգորյան
- Էդուարդ Սպերցյան
- Նաիր Տիկնիզյան
- Արտեմ Բանդիկյան
- Էդգար Սևիկյան
- Ստյոպա Մկրտչյան
- Արթուր Սերոբյան
- Ժիրայր Շաղոյան
- Կարեն Մուրադյան
- Խուլիո Բուենո
- Արաիկ Էլոյան
Այսպիսով, արդեն հաջորդ օրվանից մարզչական շտաբը կկարողանա գրեթե ամբողջական կազմով սկսել անմիջական նախապատրաստությունը մրցաշարի առաջին հանդիպմանը։
Հայաստանի հավաքականի հանդիպումների ժամանակացույցը
Ազգերի լիգայի C2 խմբում իր առաջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 25-ին Երևանում՝ Լատվիայի դեմ։
Երեք օր անց՝ սեպտեմբերի 28-ին, Եղիշե Մելիքյանի թիմը կրկին կխաղա սեփական հարկի տակ՝ այս անգամ Չեռնոգորիայի հավաքականի դեմ։
Երևանում կայանալիք երկու հանդիպումներից հետո Հայաստանի հավաքականին սպասվում են արտագնա խաղեր։ Հոկտեմբերի 2-ին Հայաստանը Նիկոսիայում կմրցի Կիպրոսի հետ, իսկ հոկտեմբերի 5-ին Պոդգորիցայում կհանդիպի Չեռնոգորիայի հավաքականին։
C2 խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Լատվիան, Չեռնոգորիան և Կիպրոսը։