Ռոման Բերեզովսկին դարձել է Ռուսաստանի Առաջին լիգայի ակումբի դարպասապահների մարզիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ և ավագ Ռոման Բերեզովսկին մարզչական կարիերան կշարունակի Ռուսաստանում։ 51-ամյա մասնագետը համալրել է Ռուսաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Սպարտակ Կոստրոմա» ակումբի մարզչական շտաբը։
Կոստրոմայի ակումբում Բերեզովսկին կաշխատի որպես դարպասապահների մարզիչ։ Ավելի վաղ նա նույն պաշտոնն էր զբաղեցնում Հայաստանի ազգային հավաքականում, ինչպես նաև տարբեր տարիներին աշխատել է Մոսկվայի «Դինամոյի», «Սոչիի» և Երևանի «Փյունիկի» մարզչական շտաբներում։
«Ողջունում ենք դարպասապահների մարզիչ Ռոման Անատոլևիչ Բերեզովսկուն», — ասվում է «Սպարտակ Կոստրոմայի» հաղորդագրության մեջ։
Ակումբում նաև հիշեցրել են, որ Բերեզովսկին հայտնի է Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», մերձմոսկովյան «Խիմկիում», Մոսկվայի «Դինամոյում» և «Տորպեդոյում», ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականում ունեցած ելույթներով, որտեղ երկար տարիներ եղել է թիմի առաջատարներից մեկը և կրել ավագի թևկապը։
Խաղային կարիերան ավարտելուց հետո Բերեզովսկին անցել է մարզչական աշխատանքի։ Բացի դարպասապահների հետ աշխատանքից, նա նաև երկու խաղում կատարել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։
«Սպարտակ Կոստրոմայում» նշանակումը դարձավ հայ ֆուտբոլի պատմության ամենահայտնի դարպասապահներից մեկի կարիերայի նոր փուլը։