SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Թող հավաքականը մաքրվի». Եղիշե Մելիքյանը՝ Մխիթարյանի, «մարտի դաշտից փախածների» և հայկական ֆուտբոլի ապագայի մասին


«Թող հավաքականը մաքրվի». Եղիշե Մելիքյանը՝ Մխիթարյանի, «մարտի դաշտից փախածների» և հայկական ֆուտբոլի ապագայի մասին
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Joxovurd ալիքին տված հարցազրույցում խոսել է Ազգերի լիգայի մեկնարկին ազգային թիմի նախապատրաստության, կադրային կորուստների, Լատվիայի և Չեռնոգորիայի դեմ առաջիկա հանդիպումների, երիտասարդ ֆուտբոլիստներին վստահելու և հայկական ֆուտբոլի հեռանկարների մասին։

Մարզիչը նաև բացատրել է, թե ինչու է հիասթափված այն ֆուտբոլիստներից, որոնք կարող էին օգնել հավաքականին, սակայն հրաժարվել են հանդես գալ ազգային թիմում, և կոչ է արել պետությանն ավելի ակտիվ մասնակցել ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը։

Հարցազրույցը խմբագրվել է՝ պատասխանների իմաստը պահպանելով և տեքստն ավելի հստակ ու ընթերցանության համար հարմար դարձնելու նպատակով։

«Այս պահին Լատվիայի դեմ մեր շանսերը 50-50 են»

Որքանո՞վ եք դուք և ֆուտբոլիստները պատրաստ Ազգերի լիգայի հանդիպումներին։

— Հոգեբանորեն ես կկարողանամ պատրաստել թիմին, բայց մեր կորուստները մեծ խնդիրներ են ստեղծում։ Ութ ֆուտբոլիստ վնասվածք ունի. նույնիսկ ակումբային կարիերայիս ընթացքում նման դեպք չեմ հիշում։ Բացի այդ, հրավիրված ֆուտբոլիստներից հինգը խաղային պրակտիկա չունեն։

Սրանք շատ լուրջ կորուստներ են, ես նման բան չէի սպասում։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ես ձեռքերս չեմ իջեցնում. պատրաստում եմ թիմին, մոտիվացնում ֆուտբոլիստներին։ Սակայն ֆուտբոլում միայն մոտիվացիան բավարար չէ. շատ կարևոր է խաղացողների որակը, որը մեզ չի բավականացնի։ Ամեն դեպքում պայքարելու ենք հաղթանակի համար։

Ովքե՞ր կխաղան Լատվիայի դեմ։

— Այս պահին չեմ կարող ասել, թե ովքեր դուրս կգան խաղադաշտ։ Բայց ամեն ինչ կանեմ, որպեսզի այնտեղ մարտական տրամադրվածությամբ տղաներ լինեն։

Որքանո՞վ լավ եք ուսումնասիրել Լատվիայի խաղը։

— Մենք ուսումնասիրել ենք բոլոր մրցակիցներին։ Բոլորն էլ լավ կազմեր ունեն, և մենք բոլորին հիանալի ճանաչում ենք։ Սկզբում կարելի էր ենթադրել, որ ֆուտբոլիստների որակով առավելություն ունենք Լատվիայի նկատմամբ, բայց կադրային կորուստներից հետո դժվար է այդ մասին խոսել։ Այս պահին շանսերը 50-50 են։

Առայժմ չեմ կարող հստակ ասել, թե ինչ մարզավիճակում են մեր լեգեոներները։ Մենք նոր ենք սկսում աշխատել և ծանոթանալ նրանց ներկա վիճակին։

Յուրաքանչյուր մրցակցի համար առանձին ծրագիր ունե՞ք։ Հատուկ ինչ-որ բա՞ն եք պատրաստել։

— Այո՛, յուրաքանչյուր մրցակցի համար ծրագիր ունենք, նույնիսկ՝ յուրաքանչյուր խաղի համար երկու ծրագիր։ Չեռնոգորիան շատ լավ թիմ է։ Նրանք փոխել են մարզչին, և նա լավ աշխատանք է կատարում։ Կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք խաղում ու գոլեր են խփում թոփ առաջնություններում։ Ուստի մեզ համար հաստատ հեշտ չի լինելու։

Առաջիկա հանդիպումներում որքանո՞վ եք պատրաստ վստահել երիտասարդ ֆուտբոլիստներին։

— Ես նրանց հնարավորություն կտամ և դա արել եմ հավաքականում աշխատանքի առաջին իսկ օրերից։ Դուք հաստատ խաղադաշտում կտեսնեք երիտասարդ ֆուտբոլիստների։

«Ավելի լավ է ունենալ անփորձ ֆուտբոլիստներ, քան փորձառու, բայց մարտի դաշտից փախած խաղացողներ»

Ինչի՞ մասին էիք մտածում, երբ անհաջողությունների շարքից հետո գլխավորեցիք հավաքականը՝ իմանալով, որ առաջին հանդիպումը պետք է անցկացնեք Պորտուգալիայի դեմ։

— Ես չեմ վախենում պարտություններից։ Գիտեի, որ հավաքականը ծանր շրջան է ապրում, և ուզում էի այդ պահին թիմի կողքին լինել։ Եթե պատերազմ ես գնում, պետք չէ վախենալ մահանալուց։ Մենք մարդիկ ենք, որոնք պատերազմ են տեսել, հաղթել ու պարտվել են, բայց չեն կոտրվել։

Նույնը տեսնում եմ ֆուտբոլում. կարող ենք հաղթել կամ պարտվել, բայց ամեն դեպքում պետք է առաջ շարժվել։ Շատ կարևոր է միշտ ոտքի կանգնել, չընկճվել և շարունակել գնալ դեպի նպատակը։

Բայց մի բան ինձ շատ է հիասթափեցնում՝ երբ մեր ֆուտբոլիստները ինչ-որ պահի հրաժարվում են խաղալ հավաքականում։ Նրանց պատճառներն ու փաստարկներն ինձ ընդհանրապես չեն բավարարում։

Ո՞ւմ նկատի ունեք։

— Չեմ ուզում անուններ տալ, բայց դուք ինքներդ տեսել եք այն ֆուտբոլիստներին, որոնք վերջին շրջանում ավարտել են կարիերան հավաքականում, թեև շարունակում են խաղալ իրենց ակումբներում։ Այսինքն՝ առողջությունը նրանց թույլ է տալիս խաղադաշտ դուրս գալ, բայց ազգային թիմում հանդես գալ չեն ցանկանում։ Նրանք նշում են իրենց պատճառները, սակայն ես դրանք չեմ հասկանում։

Ես ինքս խաղացել եմ հավաքականում և շատ բան եմ տեսել։ Հիշում եմ Ռոման Խաչատրյանին, որը խաղադաշտ էր դուրս գալիս ուռած ոտքով և նույնիսկ չէր կարողանում խաղակոշիկ հագնել։ Տեսել եմ, թե ինչպես էր Արթուր Պետրոսյանը ծնկի վնասվածքով խաղում ու «մահանում» խաղադաշտում, ինչպես էր Արմեն Շահգելդյանը դուրս գալիս վիրակապված ոտքով։ Ես հավաքականում խաղացել եմ նման ֆուտբոլիստների հետ։ Կարող եմ շատերին հիշատակել, օրինակ՝ նույն Սարգիս Հովսեփյանին, որը մինչև վերջին շունչը նվիրվում էր ազգային թիմին։

Հնարավո՞ր է՝ ֆուտբոլիստները որոշակի վիրավորանքներ ունեն։

— Եկեք խոսենք նաև դրա մասին՝ ներքին և արտաքին պատճառների մասին։ Դուք գիտեք պատմությունը, թե ինչպես ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հեռացրեց ինձ հավաքականից և ասաց, որ այլևս այնտեղ չեմ լինելու։ Ես 27 տարեկան էի և շատ վիրավորված էի։ Բայց գիտեմ, որ այն ժամանակ սխալ էի գործել, իսկ նա դա չընդունեց ու չներեց։ Ես բոլորի վրա զայրացած էի։ Չգիտեմ մեկ այլ ֆուտբոլիստի, որի հետ նույն կերպ վարված լինեին։

Մեկուկես տարի անց՝ Թուրքիայի դեմ խաղից առաջ, ինձ զանգահարեց Վարդան Մինասյանը և հարցրեց՝ պատրա՞ստ եմ խաղալ։ Դրանից հետո ուրախությունից երկու օր չկարողացա քնել։ Մոռացա բոլոր վիրավորանքները՝ ով և ինչի համար էր ինձ վիրավորել։ Ես պարզապես ուզում էի խաղալ հավաքականում։ Սակայն այն ժամանակ Ուկրաինայում փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով չհաջողվեց խաղադաշտ դուրս գալ։

Եղիշե Մելիքյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 30 հանդիպում։

Ինչո՞ւ համաձայնեցիք վերադառնալ։

— Երկրի և հավաքականի հանդեպ սիրուց։ Հիմա կարող եմ ասել, որ ազգային թիմի համար ամենակարևորը խաղալուց հրաժարվող ֆուտբոլիստներից մաքրվելն է։ Մի կողմից նույնիսկ ուրախ եմ. թող հեռանան, որպեսզի իմանամ՝ ում հետ կարող եմ մարտի գնալ։

Ավելի լավ է ունենալ անփորձ ֆուտբոլիստներ, քան փորձառու, բայց մարտի դաշտից փախած խաղացողներ։ Ավելի լավ է երիտասարդներին սովորեցնեմ մինչև վերջ զենքը ձեռքին առաջ գնալ։ Ինձ հենց այդպիսի մարդիկ են պետք։

Ես շատ զայրացած ու վշտացած եմ, բայց թող թիմը մաքրվի։ Ֆուտբոլիստները տարբեր պատճառներ են նշում։ Ինչ-որ մեկն ասում է, թե ինձ հետ կոնֆլիկտ է ունեցել։ Բայց ես ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել։ Թող նայեն աչքերիս մեջ և ասեն, որ մեր միջև կոնֆլիկտ է եղել։

Եթե իրենց պատճառներով չեն գալիս՝ թող հեռանան։ Ես կհավաքեմ իմ թիմը։ Եթե պարտվեմ՝ թող այդպես լինի, եթե հաղթեմ՝ լավ։ Փոխարենը կիմանամ, թե ում հետ եմ անցնում այս ճանապարհը։

«Մխիթարյանը ազգի հերոս է, բայց որպես հավաքականի մարզիչ՝ ես հիասթափված եմ»

Меликян и Мхитарян

Պորտուգալիայի դեմ հանդիպումից հետո ասացիք, որ բանակցություններ եք վարել Հենրիխ Մխիթարյանի վերադարձի շուրջ։ Ո՞ր փուլում են դրանք հիմա։

— Ես խոսել եմ բոլորի հետ և յուրաքանչյուրին խնդրել եմ խաղալ հավաքականում։ Չեմ ուզում անուններ տալ, բայց բոլորից հիասթափված եմ։

Մխիթարյանի՞ց էլ եք հիասթափված։

— Լսե՛ք, Մխիթարյանը լեգենդար ֆուտբոլիստ և մարդ է, մեր ազգի հերոսը։ Բայց որպես հավաքականի գլխավոր մարզիչ՝ ինձ համար կարևոր չէ, թե ով է՝ Մխիթարյանը, Բարսեղյանը կամ մեկ ուրիշը։ Եթե նրանց չեմ տեսնում հավաքականում, բայց տեսնում եմ ակումբներում, շատ եմ հիասթափվում՝ ինչպես բոլոր երկրպագուները։

Ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել. դա նրանց իրավունքն ու կյանքն է։ Բայց ես կարող եմ հիասթափվել, քանի որ նրանք կարող էին օգնել հավաքականին։ Ես տեսնում եմ, թե թիմն այժմ ինչ վիճակում է, և կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր կարող են օգնել, պետք է դա անեն։ Բայց դա տեղի չի ունենում։

Չեմ բացառում, որ ֆուտբոլիստը կարող է ճիշտ լինել, և որ նրան կարող էին վիրավորել։ Բայց դա պետք չէ տեղափոխել ազգային թիմ. սա երկրի հավաքականն է։ Ես նույնպես լուրջ կոնֆլիկտ եմ ունեցել ֆեդերացիայի հետ, բայց երբ խոսքը ազգային հավաքականի մասին է, բոլոր կոնֆլիկտները դառնում են անկարևոր։ Երկրի հավաքականը վեր է ամեն ինչից։

Դա նման է մեր երկրին ու մեր հողին. մենք պետք է պայքարենք դրա համար։ Կարևոր չէ՝ մարզպետի կամ մեկ ուրիշի հետ խնդիրներ ունես, թե ոչ. երկրի համար միևնույն է պետք է գնալ ու կռվել։

Ստացվում է՝ ֆուտբոլում նույնպես եսասիրության խնդիր կա՞։

— Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է հասկանա, որ հավաքականը չի պատկանում ո՛չ ֆեդերացիայի նախագահին, ո՛չ մարզչին։ Դա երկրի թիմն է։ Այն պատկանում է բոլորին՝ երեխաներին, պապիկներին ու տատիկներին։ Պապիկը պետք է թոռան հետ գա մարզադաշտ և որևէ բանից ուրախանա։ Հավաքականը պատկանում է ամբողջ ազգին։

«Պորտուգալիայից հետո մեզ այլևս ոչինչ չի վախեցնի»

Պորտուգալիայից 1։9 հաշվով պարտությունից հետո որևէ կերպ փոխե՞լ եք ձեր խաղային ծրագրերը։

— Ո՛չ, իհարկե։ Ինչպե՞ս կարելի է Պորտուգալիայի դեմ խաղից հետո փոխել խաղը՝ Լատվիայի դեմ հանդիպմանը պատրաստվելիս։ Ես հիանալի գիտեի, թե ում դեմ ենք խաղալու։ Հասկանում էի, որ մեր թիմը դեռ պատրաստ չէ հավասարը հավասարի պես դիմակայել նման մրցակցի, բայց մենք պետք է դիմանայինք։

Իհարկե, անգնահատելի փորձ ստացանք։ Հիմա մեզ այլևս ոչինչ չի վախեցնի։

Ի՞նչ եք ակնկալում երկրպագուներից Պորտուգալիայի դեմ խաղից հետո։ Մարզադաշտը լեփ-լեցուն էր, բայց թվում էր՝ շատերը եկել էին Կրիշտիանու Ռոնալդուին տեսնելու։ Ձեզ վրա ճնշո՞ւմ էր այն հանգամանքը, որ հայ երկրպագուները աջակցում էին մրցակցին։

— Ես չեմ կարող նրանց դրա համար հանդիմանել, որովհետև համաշխարհային աստղ էր ժամանել։ Մենք ինքներս պետք է նվաճենք երկրպագուների սրտերը՝ մեր խաղով ու հաղթանակներով։

Մենք նվիրված երկրպագուներ ունենք, և նրանք քիչ չեն։ Նրանք թիմի կողքին են մնացել ամենադժվար ժամանակներում։ Պարտությունից հետո տեսա նրանց. նրանք մեր կողքին էին և կատարվածն ընդունեցին այնպես, ինչպես կար։ Իսկ այն բանում, որ ինչ-որ մեկը դեռ մեզ հետ չէ, մենք ինքներս ենք մեղավոր։ Պետք է շահենք այդ մարդկանց վստահությունը։ Բայց երկրպագուները նույնպես պետք է աշխատեն իրենց վրա և չհրաժարվեն հավաքականից։

Ուզում եմ խոսել նաև ակումբների մասին։ Մի ակումբ կա, անունը չեմ տա, որտեղ խաղում է մի ֆուտբոլիստ, որին շատ եմ ուզում հրավիրել հավաքական։ Բայց ակումբը նրան խաղային պրակտիկա չի տալիս, խաղադաշտ դուրս չի բերում։ Արդյունքում տուժում է ազգային թիմը։

Այստեղ երկրպագուները պետք է ներգրավվեն և պահանջեն, որ ֆուտբոլիստները խաղան։ Ես չեմ կարող անձամբ խոսել բոլոր ակումբների մասին։ Կան լրագրողներ, կան երկրպագուներ. ինչո՞ւ են նրանք լռում այդ մասին։ Դուք բոլորդ կարող եք օգնել։ Ես սա հենց այնպես չեմ ասում. իրական օրինակներ կան։

Երբ աշխատում էի «Փյունիկում», ակումբի այն ժամանակվա նախագահն իմ առջև խնդիր էր դրել ավելի հաճախ օգտագործել հայ ֆուտբոլիստներին, որպեսզի հետագայում նրանք կարողանան խաղալ հավաքականում։ Նա չէր ուզում միջամտել իմ աշխատանքին, բայց դա նրա ցանկությունն էր, և ես այն հաշվի էի առնում։

Նույնիսկ ֆեդերացիայի հետ լուրջ կոնֆլիկտների ժամանակ փորձում էի հնարավորինս շատ ֆուտբոլիստներ ուղարկել հավաքական։ Անկախ տարաձայնություններից՝ բոլորը պետք է ազգային թիմին օգնեն ինչով կարող են։ Հիմա ակումբները գուցե որոշ կոնֆլիկտներ կամ անձնական պատճառներ ունեն։ Չգիտեմ՝ ինչու են այդպես վարվում, բայց այս ամենը չի կարելի կապել հավաքականի հետ։

«Առանց պետական ծրագրի ֆուտբոլը չի կարող զարգանալ»

Ինչո՞վ կարող եք բացատրել «Փյունիկի» հետ ունեցած հաջողությունները և այս փուլում հավաքականում արդյունքի բացակայությունը։

— Առաջին հերթին նրանով, որ ակումբում շատ ավելի շատ ժամանակ ունեի։ Եթե կարողանայի հավաքականի հետ մեկամսյա ուսումնամարզական հավաք անցկացնել, մենք այլ թիմ կունենայինք։ Բայց դա անհնար է։

Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 25-ին, իսկ մենք միասին հավաքվել ենք միայն 21-ին։ Հասկանում եմ, որ սա ազգային հավաքական է, և բոլոր հավաքականներում էլ իրավիճակն այդպիսին է։

Բացի այդ, հիմա մեզ մոտ սերնդափոխություն է ընթանում։ Թիմում փորձառու ֆուտբոլիստները շատ չեն։ Օրինակ՝ Տիկնիզյանին ու Սպերցյանին ամեն ինչ կարող եմ մեկ բառով բացատրել, իսկ երիտասարդների հետ ավելի դժվար է։ Նրանց ժամանակ է պետք՝ մեր խաղային փիլիսոփայությունը հասկանալու համար։

Հայաստանում տարածված է այն կարծիքը, որ մեզ պետք չէ զբաղվել ֆուտբոլով, քանի որ այն երկրում ապագա չունի և, միևնույն է, ոչինչ չի ստացվի։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։

— Այդպես ասում են մարդիկ, որոնք չափազանց մակերեսային են դատում։ Մենք 30 տարի ապրել ենք պատերազմի պայմաններում. երկիրը ֆուտբոլով զբաղվելու ժամանակ չի ունեցել։ Կառավարության ծրագրում ընդհանրապես չի եղել այս մարզաձևի զարգացման ծրագիր։ Առանց պետական ծրագրի ֆուտբոլը չի կարող զարգանալ։ Գուցե ինչ-որ առանձին հաջողության հասնենք, բայց երկարաժամկետ հեռանկարում ոչինչ չի փոխվի։

Մեր միակ մարզադաշտն արդեն գրեթե 100 տարեկան է։ Մենք սիրում ենք մեզ համեմատել ուրիշների, օրինակ՝ Վրաստանի հետ։ Գիտե՞ք՝ այնտեղ պետությունը քանի մարզադաշտ է կառուցել։ Իսկ մենք մեկ մարզադաշտ ունենք, մնացած ամեն ինչն ընդամենը խաղադաշտեր են։ Մեզ ենթակառուցվածք է պետք։

Փառք Աստծո, հիմա «Նոան» սեփական ենթակառուցվածք ու մարզադաշտ է կառուցում, կան նաև այլ մասնավոր ներդրողներ։ Բայց դա քիչ է. պետությունը պետք է դրանով զբաղվի համակարգված և մեծ ծավալով։

Ո՞ւմից եք աջակցություն ակնկալում։

— Պետությունից, վարչապետից։ Նրանք պետք է սիրեն ֆուտբոլը, հոգ տանեն դրա մասին և զարգացման ծրագրեր ներդնեն։

Կարծում եմ՝ պետք է մի քանի հանդիպում հաղթեմ, ապա գնամ ու բացատրեմ, թե հատկապես ինչ է անհրաժեշտ անել։ Մեր ազգին ուրախություն և հաջողություններ են պետք, իսկ ֆուտբոլն այդ ամենը տալիս է։ Պետությունը պետք է հոգ տանի մարդկանց մասին և բարձրացնի նրանց տրամադրությունը։

Ես հաճախ եմ տեսնում, թե ինչպես են համերգներ և այլ միջոցառումներ անցկացվում։ Դրանք բարձրացնում են մարդկանց տրամադրությունը, և դա ճիշտ է։ Բայց ֆուտբոլը կարող է դա անել տասն անգամ ավելի ուժեղ և ավելի երկար ժամանակով։

Հասկանում եմ, որ այս ամենը ցույց տալու համար մոտիվացիա և հաղթանակներ են պետք։ Բայց առանց աջակցության դժվար կլինի լուրջ արդյունքի հասնել և ինչ-որ բան ապացուցել։ Սկզբում ներդրումներ են անհրաժեշտ, և միայն դրանից հետո կարելի է ինչ-որ բան պահանջել։ Իսկ հիմա բոլորը սիրում են պահանջել, մենք դա կտեսնենք սեպտեմբերի 25-ին, բայց ոչ ոք չի մտածում՝ ինչպես հասնել հաջողության։

Մանկապատանեկան ֆուտբոլում շատ մեծ խնդիրներ ունենք, պատշաճ պայմաններ չկան։ Ֆեդերացիայում դա տեսնում են, ես էլ եմ տեսնում։ Մենք աջակցություն ենք խնդրում պետությունից, բայց ամեն ինչ շատ դանդաղ է տեղի ունենում և մեծ դժվարությամբ է տրվում։

Ներկա պայմաններում արժե՞ սպասել նոր աստղերի ի հայտ գալուն։

— Զանգվածաբար նրանք չեն հայտնվի, բայց առանձին անհատներ կարող են աճել՝ մի քանի հոգի։ Օրինակ՝ Կառլեն Հովհաննիսյանը, որն արդեն գոլեր է խփում Ռուսաստանում։ Եթե հավաքականը չլիներ, հնարավոր է՝ նրան ոչ ոք չնկատեր և չգներ։ Ես նրան հնարավորություն տվեցի, նրան նկատեցին և մեծ գումարով ձեռք բերեցին։

Նույնը վերաբերում է Նարեկ Հովհաննիսյանին։ Ես անում եմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստները հավաքականի միջոցով զարգանան։ Նրանց խաղադաշտ դուրս բերելով՝ ռիսկի էի դիմում, բայց այդ ռիսկն արդարացված է։ Թիմային մեծ արդյունք առայժմ չկա, սակայն առանձին հաջողություններ արդեն կան։

Բայց սխալ է այս ամենը թողնել միայն իմ կամ մյուս մարզիչների վրա։ Պետք է գոյություն ունենա զարգացման ընդհանուր ծրագիր։

Հարցազրույցը կարող եք դիտել ՀՂՈՒՄՈՎ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։