Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան և քննարկել համագործակցությունը ՀՖՖ-ի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստան են ժամանել Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչները՝ ակադեմիայի տնօրեն Իվան Կասկալեսը և կրթական ու մարզումային ծրագրի ղեկավար Ռուբեն Բոնաստրեն։
Այցի ընթացքում նրանք ծանոթացել են Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքներին։ Ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հանրապետական մարզադաշտ, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա, ինչպես նաև ներկա են եղել «Սարդարապատ» — «Սյունիք» հանդիպմանը։
Այցի հիմնական թեման եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Ինիեստա» ակադեմիայի միջև հնարավոր համագործակցությունը։ Կասկալեսը և Բոնաստրեն ՀՖՖ ղեկավարության հետ քննարկել են ակադեմիայի կրթական ծրագրի ներդրման հնարավորությունը հայկական ֆուտբոլում։
Դիտարկվող տարբերակներից մեկը ծրագրի իրականացումն է Դավթաշենում կառուցվելիք նոր ֆուտբոլի ակադեմիայում։ Հետագայում համագործակցությունը կարող է ընդլայնվել նաև Հայաստանի այլ մարզային ակադեմիաներում։
Հայկական ֆուտբոլի համար նման նախագիծը կարող է կարևոր քայլ դառնալ մանկապատանեկան ուղղության զարգացման ճանապարհին։ Խոսքը ոչ միայն մարզումային գործընթացի, այլև ժամանակակից կրթական մոտեցումների ներդրման մասին է, որոնք կիրառվում են միջազգային ֆուտբոլային ակադեմիաներում։
ՀՖՖ-ն շարունակում է աշխատանքը արտասահմանյան փորձի ներգրավման և երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Անդրես Ինիեստայի ակադեմիայի հետ հնարավոր համագործակցությունը կարող է դառնալ Հայաստանում ֆուտբոլային կրթության որակի բարձրացման երկարաժամկետ ռազմավարության մի մասը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0