Փաշինյանը «Նոային» անվանել է Հայաստանում ֆուտբոլի զարգացման նոր փուլի առաջամարտիկ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ֆուտբոլն աստիճանաբար դառնում է երկրի տնտեսության առանձին ուղղություններից մեկը՝ ընդգծելով ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման համար իրականացվող խոշոր մասնավոր ներդրումները։
Որպես օրինակ՝ կառավարության ղեկավարը նշել է «Նոա» ՖԱ-ի և «Յուվենտուսի» ակադեմիայի նախագծերը, որոնք նա այցելել է վերջին երկու շաբաթների ընթացքում։
Փաշինյանի խոսքով՝ նախկինում Հայաստանում ֆուտբոլային ակումբների և ակադեմիաների զարգացումը մեծապես հիմնված էր տարբեր աղբյուրներից ստացվող առանձին աջակցության վրա․ մեկը տրամադրում էր մարզակոշիկներ, մյուսը՝ գնդակներ, միջոցների մի մասը խնդրում էին համայնքներից կամ կառավարությունից, ներգրավվում էին նաև բարերարներ։ Վարչապետի գնահատմամբ՝ նման մոդելով հնարավոր չէ ապահովել ֆուտբոլի լիարժեք զարգացումը։
Այժմ, նրա խոսքով, իրավիճակն աստիճանաբար փոխվում է, քանի որ հայկական ֆուտբոլում սկսել են իրականացվել խոշոր մասնավոր ներդրումներ։
«Ֆուտբոլը դառնում է Հայաստանի տնտեսության առանձին ճյուղ, որովհետև կան մարդիկ, որոնք մեծ ներդրումներ են կատարում ֆուտբոլում»,- նշել է Փաշինյանը։
Միևնույն ժամանակ վարչապետը «Նոային» առանձնացրել է որպես նոր մոտեցման առաջամարտիկներից մեկը, որից հետո Հայաստանում իրականացվեց նաև իտալական «Յուվենտուսի» խոշոր ակադեմիական նախագիծը։
«Պետք է լինեն առաջնեկներ։ Առաջին հերթին այդպիսին դարձավ «Նոան», իսկ հետո արդեն՝ «Յուվենտուսը»։ Դրանով նրանք սկսեցին այս գործընթացը»,- ասել է Փաշինյանը։
Սեպտեմբերի 19-ին վարչապետը մասնակցել էր «Նոայի» մանկապատանեկան ֆուտբոլային կենտրոնի բացմանը։ Ակադեմիան նախատեսված է մինչև 1500 երեխայի և պատանու համար։ Այցի ընթացքում Փաշինյանին ներկայացվել էին նաև Noah Park համալիրի հետագա զարգացման և ակումբի ապագա մարզադաշտի նախագծերը։
11 օր անց՝ սեպտեմբերի 30-ին, Փաշինյանը մասնակցեց Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի պաշտոնական բացմանը։ Երևանում նախագծի երկու մարզաբազաների զարգացման համար ներդրվել է շուրջ 20 միլիոն դոլար։
Վարչապետն ընդգծել է, որ նման մասնավոր նախաձեռնությունները կարող են ակնկալել նաև պետության աջակցությունը։ Նրա խոսքով՝ «Նոայի» և «Յուվենտուսի» նախագծերի դեպքում կառավարությունը պետք է ճկունություն ցուցաբերի անհրաժեշտ հողատարածքների տրամադրման և ենթակառուցվածքների զարգացման հարցերում։
Փաշինյանը նման ֆուտբոլային նախագծերը կարևոր է համարել նաև սոցիալական տեսանկյունից և համոզմունք հայտնել, որ ապագայում Հայաստանում նոր ակադեմիաներ ևս կստեղծվեն։
Խոշոր ենթակառուցվածքային նախագիծ է իրականացնում նաև «Նոա» ՖԱ-ն Վաղարշապատում։ Սեպտեմբերին ակումբը հայտնել էր Noah Park նախագծի շրջանակում սեփական մարզադաշտի կառուցման հիմնական նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին։ Ապագա մարզադաշտը պետք է համապատասխանի ՈւԵՖԱ-ի չորրորդ կարգի պահանջներին և դառնա մեծ համալիրի մի մասը, որը ներառելու է ֆուտբոլային ակադեմիա և այլ մարզական ենթակառուցվածքներ։
Հոկտեմբերի 1-ի կառավարության նիստում Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ֆուտբոլային ոլորտում ներդրումների աճը՝ նշելով, որ ֆուտբոլը դառնում է Հայաստանի տնտեսական զարգացման ուղղություններից մեկը։