«Օլիմպիակոսը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունական ֆուտբոլային «Օլիմպիակոս» ակումբը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տեղափոխության մասին։ 27-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Հունաստանի ամենատիտղոսակիր ակումբներից մեկում։
Հայ պաշտպանի հետ պայմանագիրը նախատեսված է չորս տարով և ներառում է այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն։ Ըստ առկա տեղեկությունների՝ Տիկնիզյանի տարեկան աշխատավարձը նոր ակումբում կկազմի մոտ 1 միլիոն եվրո։
Տիկնիզյանը «Օլիմպիակոս» է տեղափոխվել սերբական «Ցրվենա Զվեզդայում» հանդես գալուց հետո, որին միացել էր 2025 թվականի ամռանը։ Բելգրադյան ակումբի կազմում պաշտպանը մասնակցել է 67 հանդիպման, այդ թվում՝ յոթ խաղի ընթացիկ մրցաշրջանում։
Մինչ Սերբիա տեղափոխվելը ֆուտբոլիստը մի քանի տարի հանդես է եկել Ռուսաստանում։ Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում նա անցկացրել է 122 հանդիպում, իսկ ավելի վաղ պաշտպանել է ԲԿՄԱ-ի գույները՝ մասնակցելով 43 խաղի։ Նրա կարիերայում եղել է նաև Կուրսկի «Ավանգարդում» հանդես գալու շրջան։
2023 թվականից Նաիր Տիկնիզյանը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականը։ Այս պահի դրությամբ պաշտպանը Հայաստանի ընտրանու կազմում անցկացրել է 31 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Ավելի վաղ նա հանդես է եկել նաև Ռուսաստանի տարբեր տարիքային պատանեկան և երիտասարդական հավաքականներում։
«Օլիմպիակոս» տեղափոխությունը նոր փուլ կլինի հայ ֆուտբոլիստի եվրոպական կարիերայում։ Հունական ակումբում Տիկնիզյանին նախատեսում են օգտագործել հիմնականում ձախ պաշտպանի դիրքում։