Պաշտոնապես. 2026/27 մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես կգա 12 թիմ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Պրեմիեր լիգայի ընդլայնումը։ 2026/27 մրցաշրջանում Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի 12 թիմ։
Որոշումն ընդունվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի առցանց քվեարկության ընթացքում։ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը 12 ակումբի մասնակցությամբ անցկացնելու առաջարկին կողմ են քվեարկել Գործկոմի բոլոր 12 անդամները։ Դեմ չի քվեարկել ոչ ոք, ձեռնպահ նույնպես չի եղել։
Միևնույն ժամանակ, նոր մրցաշրջանի առանցքային մանրամասները դեռևս բաց են մնում։ Առաջնության անցկացման ձևաչափին, օրացույցին, ինչպես նաև լեգեոներների քանակի սահմանափակմանը վերաբերող հարցերը կքննարկվեն ՀՖՖ Գործադիր կոմիտեի առաջիկա նիստում։
Նախնական տվյալներով՝ 2026/27 մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես կգան բարձրագույն խմբի ներկայիս բոլոր 10 մասնակիցները, ինչպես նաև Առաջին լիգայի երկու ակումբները՝ «Սարդարապատն» ու «Սյունիքը»։
Այսպիսով, Հայաստանի առաջնությունը երկար դադարից հետո կարող է անցկացվել ընդլայնված ձևաչափով, ինչը պետք է ավելացնի հանդիպումների քանակը և բարձրացնի մրցակցությունը ինչպես եվրագավաթների ուղեգրերի համար պայքարում, այնպես էլ մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում։