Պաշտոնական. Ավետիս Ավետիսյանը կարիերան կշարունակի Սլովակիայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Ավետիս Ավետիսյանը դարձել է սլովակյան «Դինամո Մալժենիցե» ակումբի ֆուտբոլիստ։
Ավետիսյանի նոր թիմը հանդես է գալիս Սլովակիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում՝ 2. Liga-ում։ Առաջնության 11 տուրից հետո «Մալժենիցեն» վաստակել է 11 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը։
Հայ պաշտպանը արդեն հասցրել է նորամուտը նշել նոր ակումբի կազմում։ Ավետիսյանը մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել առաջնության առաջատարներից մեկի՝ «Պետրժալկայի» դեմ արտագնա խաղում և անցկացրել է 82 րոպե։ Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։
Նախորդ մրցաշրջանը 24-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է Հունաստանում՝ հանդես գալով «Խանիա» ակումբի կազմում։ Ավելի վաղ Ավետիսյանը խաղացել է Հայաստանի առաջնությունում «Վեստ Արմենիայի», ինչպես նաև Նիդերլանդներում՝ «Գո Ըհեդ Իգլսի» կազմում, որի հետ հանդիպումներ է անցկացրել նաև Էրեդիվիզիում։ Երիտասարդական տարիքում պաշտպանը եղել է հունական ՊԱՕԿ-ի համակարգում։
Միջազգային մակարդակում Ավետիսյանը ներկայացրել է ինչպես Հայաստանը, այնպես էլ Հունաստանը։ Նրա հաշվին կա 9 հանդիպում Հայաստանի Մ21 հավաքականի կազմում, իսկ ավելի վաղ նա 11 հանդիպում է անցկացրել Հունաստանի Մ17 հավաքականի կազմում։