FIFA-ի վարկանիշ․ Հայաստանը նահանջել է 108-րդ հորիզոնական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների միջազգային պատուհանի արդյունքներով FIFA-ի վարկանիշում կորցրել է մեկ դիրք և այժմ զբաղեցնում է 108-րդ տեղը։
Այս ժամանակահատվածում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը չորս հանդիպում է անցկացրել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում՝ տանելով մեկ հաղթանակ, մեկ անգամ խաղալով ոչ-ոքի և կրելով երկու պարտություն։
Հայաստանի հավաքականի արդյունքները․
-
Հայաստան — Լատվիա՝ 2:0
-
Հայաստան — Չեռնոգորիա՝ 2:3
-
Կիպրոս — Հայաստան՝ 2:0
-
Չեռնոգորիա — Հայաստան՝ 0:0
Ներկայիս դիրքը ազգային հավաքականի համար վատագույնն է վերջին տասը տարվա ընթացքում։ 2016 թվականի հոկտեմբերին Հայաստանի հավաքականը FIFA-ի վարկանիշում զբաղեցնում էր 125-րդ տեղը։
Ինչու Հայաստանը կորցրեց մեկ դիրք
Սեպտեմբերին և հոկտեմբերին Ազգերի լիգայի հանդիպումներին զուգահեռ անցկացվում էին նաև Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման հանդիպումները։
ԱԱԳ-ի ընտրական հանդիպումների նշանակության գործակիցը FIFA-ի վարկանիշում կազմում է 25, մինչդեռ Ազգերի լիգայի հանդիպումների համար կիրառվում է 15 գործակիցը։ Սա մի շարք աֆրիկյան հավաքականների հնարավորություն տվեց ավելի շատ վարկանիշային միավորներ վաստակել և առաջ անցնել եվրոպական թիմերից։
Հայաստանի մրցակիցների դիրքերը
Հայաստանի հավաքականի խմբային մրցակիցներից լավագույն արդյունքը գրանցել է Չեռնոգորիան։ Երեք հաղթանակից և մեկ ոչ-ոքիից հետո թիմը բարձրացել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է աշխարհի 79-րդ տեղը։
Կիպրոսը, չնայած միջազգային պատուհանի ընթացքում գրանցած երկու հաղթանակին և մեկ ոչ-ոքիին, կորցրել է մեկ դիրք և այժմ 125-րդն է։
Ամենախոշոր անկումը գրանցել է Լատվիան։ Հավաքականը նահանջել է միանգամից վեց հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 143-րդ տեղը։ Սա ութերորդ վատագույն ցուցանիշն է եվրոպական ազգային հավաքականների շրջանում։
FIFA-ի վարկանիշի լավագույն տասնյակը
Առաջին տասնյակում գլխավոր փոփոխությունը Պորտուգալիայի հավաքականի առաջընթացն է՝ միանգամից երկու հորիզոնականով։ Պորտուգալացիները շրջանցել են Բրազիլիային և Մարոկկոյին ու բարձրացել հինգերորդ տեղ։
-
Իսպանիա
-
Արգենտինա
-
Ֆրանսիա
-
Անգլիա
-
Պորտուգալիա
-
Բրազիլիա
-
Մարոկկո
-
Բելգիա
-
Նիդերլանդներ
-
Մեքսիկա