Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ևս երկու ոսկե մեդալ է նվաճել․ Հայաստանն արդեն 13 մեդալ ունի
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարմնամարզիկները շարունակում են համալրել մեդալների հավաքածուն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում։ Գրիշա Սարգսյանը նվաճել է ևս երկու ոսկե մեդալ, իսկ Մարատ Հովհաննիսյանը դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր։
Հայաստանի պատանեկան հավաքականի ներկայացուցիչ Գրիշա Սարգսյանը հաղթել է զուգափայտի և պտտաձողի վարժություններում՝ դառնալով մրցաշարի ամենահաջողակ մասնակիցներից մեկը։
Վերջին արդյունքներից հետո հայ մարմնամարզիկն արդեն նվաճել է հինգ մեդալ՝ երեք ոսկե և երկու արծաթե։ Ավելի վաղ Սարգսյանը ոսկե մեդալ էր նվաճել բազմամարտում, ինչպես նաև դարձել էր արծաթե մեդալակիր ազատ վարժություններում և օղակների վրա։
Գրիշա Սարգսյանի բոլոր մեդալները Տաշքենդում․
-
ՈՍԿԻ՝ Բազմամարտ
-
ՈՍԿԻ՝ Զուգափայտ
-
ՈՍԿԻ՝ Պտտաձող
-
ԱՐԾԱԹ՝ Ազատ վարժություններ
-
ԱՐԾԱԹ՝ Օղակներ
Հայաստանի հավաքականին ևս մեկ մեդալ է բերել Մարատ Հովհաննիսյանը։ Երիտասարդական հավաքականի ներկայացուցիչը բրոնզե մեդալ է նվաճել պտտաձողի վարժության եզրափակչում։ Ավելի վաղ նա նաև արծաթե մեդալ էր նվաճել ազատ վարժություններում։
Այսպիսով, Տաշքենդում անցկացվող միջազգային մրցաշարում հայ մարմնամարզիկներն արդեն նվաճել են 13 մեդալ՝ հինգ ոսկե, հինգ արծաթե և երեք բրոնզե։
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչները նույնպես հաջող ելույթներ էին ունեցել բազմամարտում, նժույգթափի, օղակների և ազատ վարժություններում։ Մրցաշարի հաղթողների թվում են նաև Ռոբերտ Գյուլումյանը և Արման Ղուկասյանը։