«Նոան» ջախջախեց «Արարատին» և շարունակեց ռեկորդային հաղթարշավը առաջնության մեկնարկում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոան» շարունակում է կատարյալ մեկնարկը Հայաստանի առաջնությունում։ Պաբլո Գարսիայի թիմը հաղթել է առաջին հինգ տուրերի բոլոր հանդիպումներում. նման արդյունք մրցաշրջանի մեկնարկում ակումբի պատմության մեջ նախկինում չէր գրանցվել։
5-րդ տուրի խաղում «Նոան» Աբովյանում 4:0 հաշվով ջախջախեց «Արարատին»։ Հանդիպման գլխավոր հերոսը Էլդեր Ֆերեյրան էր, որը դարձավ դուբլի հեղինակ։ Մեկական գոլ խփեցին նաև Գոռ Մանվելյանը և Զավեն Խուդավերդյանը։
19-ամյա Խուդավերդյանի համար սա երկրորդ անընդմեջ արդյունավետ հանդիպումն էր առաջնությունում. երիտասարդ ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դառնում երկրորդ խաղում անընդմեջ։
Հանդիպումն անցավ բարդ եղանակային պայմաններում. Աբովյանում խաղի ընթացքում հորդառատ անձրև էր տեղում։
Հինգ տուրից հետո «Նոան» առավելագույն՝ 15 միավորով գլխավորում է Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ տուրում Պաբլո Գարսիայի թիմը կմրցի «Գանձասարի» հետ։
«Արարատը» 3 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը։ Հաջորդ տուրում թիմը կհանդիպի «Արարատ-Արմենիային»։