«Նոան» տարավ ութերորդ անընդմեջ հաղթանակը․ Լազետիչն ու Ֆերեյրան երեք միավոր պարգևեցին թիմին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոան» շարունակում է կատարյալ արդյունքով հանդես գալ Հայաստանի 2026/27 մրցաշրջանի առաջնությունում։ 8-րդ տուրի խաղում թիմը 2:0 հաշվով հաղթեց «Վանին» և պահպանեց 100-տոկոսանոց արդյունքը։
Ութ հանդիպումից հետո «Նոան» ունի 24 միավոր՝ հնարավոր 24-ից և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
«Վանի» դեմ խաղում երկու գոլերն էլ խփվեցին երկրորդ խաղակեսում։
65-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Մարկո Լազետիչը։ Սերբ հարձակվողը Էլդեր Ֆերեյրայի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը և խփեց իր չորրորդ գոլն ընթացիկ առաջնությունում։
Տասը րոպե անց ֆուտբոլիստները փոխվեցին դերերով։ Այս անգամ Լազետիչը հանդես եկավ ասիստենտի դերում, իսկ Ֆերեյրան գրավեց մրցակցի դարպասը և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:0։
Պորտուգալացի ֆուտբոլիստի համար սա արդեն յոթերորդ գոլն էր Հայաստանի առաջնությունում։
Զդելարի նորամուտը «Նոայի» կազմում
«Վանի» դեմ խաղում կայացավ նաև «Նոայի» նորեկ Սաշա Զդելարի նորամուտը։ Սերբ կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից հետո։
Հայաստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը վերջերս ազատ գործակալի կարգավիճակով միացել էր երևանյան ակումբին։
Այժմ Հայաստանի առաջնությունում դադար է՝ կապված ազգային հավաքականների հանդիպումների հետ։ «Նոայից» Հայաստանի հավաքականի ճամբար կմեկնեն Սերգեյ Մուրադյանն ու Գոռ Մանվելյանը։
Առաջնությունում հաջորդ հանդիպումը «Նոան» կանցկացնի հոկտեմբերի 10-ին՝ «Սարդարապատի» դեմ։ Նույն օրը «Վանը» կմրցի «Գանձասարի» հետ։