«Հրազդան» մարզադաշտի վերակառուցման համար կհատկացվի 600 մլն դրամ․ այն պատրաստում են Ֆրանկոֆոնիայի խաղերին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 600 մլն դրամ հատկացնել «Հրազդան» մարզադաշտի վազքուղու և անհրաժեշտ ենթակառուցվածքների վերակառուցմանը։ Մարզադաշտը պատրաստում են Ֆրանկոֆոնիայի խաղերին, որոնք Հայաստանում կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։
Աշխատանքների պայմանագիրը հրատապ ընթացակարգով կկնքվի GTS Construction ընկերության հետ։ Սակայն վազքուղու ռետինե ծածկույթի տեղադրումն ու հիմքի նախապատրաստումը հաստատված գումարի մեջ ներառված չեն․ այդ աշխատանքների համար առանձին գնում կիրականացվի։
Տեխնիկական հետազոտության արդյունքների համաձայն՝ միջոցառումների ժամանակ մարզադաշտը կկարողանա ընդունել մոտ 21 566 հանդիսականի, սակայն տրիբունաները կգործեն սահմանափակումներով։ Հյուսիսային և հարավային տրիբունաները թույլատրվում է լցնել կիսով չափ, արևմտյանը՝ ամբողջությամբ։ Արևելյան տրիբունայում հնարավոր կլինի օգտագործել միայն առաջին 11 շարքերը։ Վերին հարկաբաժինները փակ կմնան։
«Հրազդանը» մասնավոր սեփականություն է։ Այդ պատճառով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հանձնարարվել է երեք ամսվա ընթացքում մշակել առաջիկա 20 տարում մարզադաշտը պետական ծրագրերի շրջանակում օգտագործելու պայմանները։ Ֆրանկոֆոնիայի խաղերից բացի, այստեղ նախատեսվում է անցկացնել Հայաստանի առաջնություններ, միջազգային մրցումներ և աթլետների մարզումներ։