SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էդուարդ Սպերցյանի և Կրիշտիանու Ռոնալդուի թիմերի հանդիպումը հետաձգվել է մինչև 2027 թվականի մարտ


Էդուարդ Սպերցյանի և Կրիշտիանու Ռոնալդուի թիմերի հանդիպումը հետաձգվել է մինչև 2027 թվականի մարտ
Ֆուտբոլ

Սաուդյան Արաբիայի առաջնության 9-րդ տուրի՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի «Ալ-Ահլիի» և պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի «Ալ-Նասրի» միջև հանդիպումը տեղափոխվել է 2027 թվականի մարտի 6։

Սկզբնապես հանդիպումը պետք է կայանար 2026 թվականի հոկտեմբերի 15-ին Ջիդդայում, սակայն Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգայի ղեկավարությունը որոշել է փոխել խաղի անցկացման օրը։ Միևնույն ժամանակ, հանդիպման վայրը մնացել է անփոփոխ՝ Ջիդդայի «Ալ-Ինմա» մարզադաշտը։

Ինչպես հաղորդվում է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի պաշտոնական կայքում, հանդիպման հետաձգման պատճառներն են լոգիստիկ և կազմակերպչական հանգամանքները, ինչպես նաև թիմերի համար խաղերի միջև վերականգնման նվազագույն ժամանակահատված ապահովելու անհրաժեշտությունը։

Ընդհանուր առմամբ, փոփոխությունները վերաբերում են 9-րդ տուրի երեք հանդիպման։ «Ալ-Ահլի» – «Ալ-Նասր» դիմակայությունից բացի, հետաձգվել են նաև «Ալ-Ռիադ» – «Ալ-Հիլալ» և «Ալ-Իթթիհադ» – «Ալ-Շաբաբ» հանդիպումները։ Երկու խաղերն էլ կկայանան 2026 թվականի դեկտեմբերի 19-ին։ Տուրի մյուս հանդիպումները կանցկացվեն նախկինում հաստատված ժամանակացույցով։

Այսպիսով, հայ երկրպագուները ստիպված կլինեն գրեթե հինգ ամիս սպասել Սպերցյանի և Ռոնալդուի հերթական դիմակայությանը։

Ֆուտբոլիստներն արդեն հանդիպել են միջազգային մակարդակում։ 2025 թվականի սեպտեմբերին Սպերցյանն ու Ռոնալդուն խաղադաշտ են դուրս եկել Երևանում կայացած Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Պորտուգալիա հանդիպմանը։ Այդ ժամանակ պորտուգալացիները խոշոր հաշվով հաղթանակ տարան՝ 5:0, իսկ Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ։

Ընթացիկ մրցաշրջանում Պորտուգալիայի հավաքականի 41-ամյա ավագը Սաուդյան Արաբիայի առաջնությունում անցկացրել է յոթ հանդիպում և խփել չորս գոլ։

Էդուարդ Սպերցյանի հաշվին ութ հանդիպումից հետո կա երկու գոլ և երեք գոլային փոխանցում։ Հայ կիսապաշտպանը շարունակում է մնալ «Ալ-Ահլիի» հարձակողական գծի կարևոր ֆուտբոլիստներից մեկը։

Այժմ երկու ֆուտբոլիստների առաջին ակումբային հանդիպումը Սաուդյան Արաբիայի առաջնությունում սպասվում է 2027 թվականի գարնանը։

Սպերցյանը՝ Ռոնալդուի հետ հանդիպման մասին. «Կփորձեմ փոխանակվել մարզաշապիկներով»


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։